Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնում հանդիպել է մարզի կանանց հետ` կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և պարբերական հետազոտությունների կարևորությունն ընդգծելու նպատակով:
Նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա:
Անդրադարձ է եղել նաև հաստատված քաղցկեղի դեպքում անհրաժեշտ անվճար բժշկական միջամտություններին, դեղորայքային բուժման պետական աջակցության ծրագրերին:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Վանաձորի բժշկական կենտրոնը կունենա նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն։
Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը ներկայացրել է վիճակագրական տվյալները, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները, խոսել ախտանիշների, ինքնազննման և կանոնավոր հետազոտությունների անհրաժեշտության մասին:
Միջոցառմանն է միացել նաև ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ով իր և իր հարազատների օրինակով ընդգծել է հետևողական լինելու դերը առողջությունը պահպանելու համար:
Լոֆթյան անմիջական մթնոլորտում կանայք հնարավորություն են ունեցել ոչ միայն կրծքագեղձի, այլև ընդհանուր առողջության վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսներին: