Կարևոր իրադարձություններ

Գինեգործության վերածնունդը. երբ կանցկացվի Արենի Գինու Փառատոնը

27 Սեպտեմբեր, 2024 20:11
Գինեգործության վերածնունդը. երբ կանցկացվի Արենի Գինու Փառատոնը

 

Հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորի Արենի գյուղում 16-րդ անգամ կկայանա ամենամյա «Արենի Գինու Փառատոնը»՝ միավորելով արտադրական և տնայնական գինեգործներին, զբոսաշրջիկներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։

Այսօր «Արմենպրես» լրատվականում հյուրընկալվել էին «Արենի Գինու Փառատոն» միջոցառման կազմակերպիչները՝ ներկայացնելով փառատոնի արդյունքները և սպասվող ծրագիրը։

Ամենամայա փառատոնն այս տարի կկայանա 16-րդ անգամ: «Արենի» Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշում է, որ հենց սա է խոսում միջոցառման կայուն լինելու մասին։

«Միջոցառման շարունակական ու կայուն լինելն էլ նպաստում է փառատոնի տարեցտարի ընդլայնմանն ու համայնքում իրադարձային զբոսաշրձության զարգացմանը»:

Նունե Մանուկյանը նաև ընդգծեց, որ փառատոնը գինու տոն լինելու հետ մեկտեղ նաև թույլ է տալիս բացահայտել Արենի համայնքը՝ ծանոթանալով Արեննի հազարամյա գինեգործական պատմության հետ։

«Փառատոնը լավ առիթ է ոչ միայն Վայոց ձորի, այլև ողջ հայկական մշակույթը ճանաչելու համար։ Այս տարի միջոցառումը ունենալու է հատուկ տաղավարներ Արցախի հայրենակիցների համար իսկ երաժշտական բեմում ելույթ է ունենալու նաև Արցախի պարի և երգի համույթը»։ 

Տիկին Մանուկյանն անդրադարձավ փառատոնի այս տարվա խորագրին, որի անվանումն է «Ազգերը հանուն խաղաղության»։

«Մենք պատիվ ենք ունենալու հյուրընկալել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնց հետ կանցկացնենք փառատոնի բացման արարողությունը։ Եզդիները, բելառուսները, ուկրաինացիները և քրդերն իրենց ազգային տարազներով կմոտեցնեն զամբյուղով խաղողը խաղողի մզարանին։ Այնուհետև կսկսվի գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությունը։»

Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը խոսեց փառատոնի ունեցած ազդեցության մասին Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների վրա։ 

«Առաջին մի քանի տարում փառատոնին ներկայացված էին միայն Արենի համայնքի գինեգործները։ Տարեցտարի միջոցառումը ընդլայնվեց՝ ներգրավվելով արտադրական և տնայնական գինեգործների Հայաստանի տարբեր վայրերից։ Փառատոնի վայրն արդեն բավարար չէ միջոցառման անցկացման համար և անհրաժեշտություն է առաջանում մեծացնել տարածքը՝ ընդգրկելով նոր փողոցներ։ Շնորհիվ փառատոնի՝ Արենի համայնքը լծված է գյուղը շարունակ բարեկարգելու գործով»։

Նորայր Գրիգորյանը հավելեց, որ փառատոնը առիթ դարձավ նոր հյուրատների, գաստրոբակերի, գինեգործարանների, խաղողի այգիների ավելացման համար։ Այսօր համայնքում գործում է 30 հյուրատուն, 5 գաստրո բակ իսկ ընտանեկան գինեգործների թիվը ավելացել է մոտ 130-ով։ Ըստ Նորայր Գրիգորյանի փառատոնը Արենի համայնքի գլխավոր տնտեսական բաղադրիչներից մեկն է։

Տուրիզմի Հայկական Ֆեդերայիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսեց փառատոնի զբոսաշրջային պոտենցիալի մասին՝ հավելելով,որ բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում հենց փառատոնին մասնակցելու համար։

«Այսօր զբոսաշրջիկներին բացի ճանաչողական այցելություններից հետաքրքրում է նաև իրադարձության շուրջ հավաքվելը, տեղական մշակույթի մաս կազմելն ու տեղի բնակչության հետ շփվելը։ Այս փառատոնը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր վերոնշյալ կետերը՝ ստանալով նոր էմոցիաներ մեր երկրից։ Փառատոնը լավ հարթակ է նաև համագործակցությունների և համայնքներում տնտեսական ակտիվություն ձևավորելու համար»։

Ըստ պարոն Ապրեսյանի՝ թեև Հայաստանն ունի 6100 տարվա գինեգործության պատմություն, այնուամենայնիվ փառատոնը հանդիսանում է Հայաստանի գինեգործության վերածննդի հիմնական խթաններից մեկը։

Փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը և «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Գործակալությունը»՝ ՀՀ  ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին