Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին

27 Սեպտեմբեր, 2024 19:40
Ի գիտություն՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին

2020 թ․ տեղահանված այն անձինք, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխանելու դեպքում:

Ծրագրում իրականացված փոփոխություններով՝ հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կարող են 

օգտվել այն ընտանիքները, որոնք ՀՀ են տեղահանվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և չունեն սեփականություն․ աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հղմամբ։  

Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝

• հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը,

• հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը,

• օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։

Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։

Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝   

  • 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
  • • 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
  • • զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
  • • գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

Երկրորդ փուլից կարող են օգտվել՝

  • 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
  • 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,

Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

  • • ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։ 
 

Լրահոս

Դիտել ավելին