ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ այս կազմով հանդիպումները թե՛ լավ հնարավորություն են երկուստեք մանրամասն ներկայացնելու ոլորտային բարեփոխումների ներկա ընթացքն ու հետագա քայլերը, թե՛ ուղենշելու փոխգործակցության դաշտը և քննարկումների միջոցով ուրվագծելու աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղիները:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին, և այդ օրակարգը բավական մեծ է: Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է հատկապես կրթության ոլորտում երկխոսությանը, որը վերագործարկվել է և վերաբերում է ոչ միայն ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին և կրթության ռազմավարության իրականացմանը, այլև մյուս բոլոր գործընկերների կողմից իրականացվող ծրագրերի համադրմանը:
«Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» հարթակը առանցքայիններից է կրթության ոլորտում մինչև 2030 թվականը նախատեսված բարեփոխումների ընթացքը քննարկելու համար՝ համաձայն «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի», որը դարձյալ մշակվել և իրականացվել է ԵՄ աջակցությամբ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Եվրամիության գործընկերներին մշտական աջակցության համար:
Ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը ԵՄ կողմից նախագահել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և կենտրոնական Ասիայի տնօրինության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին՝ նա կարևորել է հատկապես վիզային ռեժիմի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկը, տնտեսության դիվերսիֆիկացման և այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրերին, որոնց միջոցով իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված տարբեր մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծմանը և ուսումնական ծրագրերի ներդրմանը, դպրոցաշինությանը և դպրոցների կառավարման համակարգի զարգացմանը:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրել է՝ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, մշակվել է ծրագրի գլխավոր հատակագիծը: Որպես կարևորագույն խնդիր՝ առանձնացված է գիտության և բարձրագույն կրթության միավորումը: Անդրադարձ է կատարվել նաև «Էրազմուս+» ծրագրին, որը, ներկաների գնահատմամբ, Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիք է բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես Հորիզոն Եվրոպան՝ գիտության ոլորտում, և Ստեղծագործ Եվրոպան՝ մշակույթի ոլորտում: Նշված բոլոր ուղղություններով նպատակները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերի թիրախներին։ Սարգիս Հայոցյանն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքներին:
ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր հերթին անդրադարձել է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մասնավորապես՝ կայացած ծրագրերին, այդ թվում՝ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի հիմնմանն ու դրա գործունեությանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, «ԱրտՆեքսուս» ծրագրին, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին միանալու Հայաստանի մտադրություններին:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներն իրենց հերթին ներկայացրել են ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Անդրադարձ է կատարվել «Էրազմուս» և այլ գիտակրթական ծրագրերին, նորարարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը: Գործառնական եզրակացությունների միջոցով ուղենշվել է մեկ տարվա գործողությունների պլանը:
Ամեն տարի տեղի ունեցող ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ և այլ շահագրգիռ նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ:
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հաջորդ՝ 11-րդ նիստը կանցկացվի Երևանում 2025 թվականի աշնանը: