Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ոստիկանությունում ծառայության գրավչության, կանանց ներգրավվածության խթանման և կարիերայի առաջխաղացման վերաբերյալ հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

22 Օգոստոս, 2024 14:42
Քննարկվել են ոստիկանությունում ծառայության գրավչության, կանանց ներգրավվածության խթանման և կարիերայի առաջխաղացման վերաբերյալ հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը Սևանում հանդիպել են Գեղարքունիքի և հարակից մարզերի կին ծառայողների հետ։

Նրանք ներկաներից հետաքրքրվել են ծառայության ընթացքում ծագած խնդիրներով, լսել նրանց առաջարկությունները։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է կանանց ընդունելությանը խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղությամբ նախարարության օրենսդրական բարելավումների արդյունքները։

Հանդիպման մասնակիցները ողջունել են լավարկված բժշկական և ֆիզիկական պահանջները, այդ թվում՝ հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցումը, ինչը շատերին հնարավորություն է տվել համալրել ծառայության շարքերը։

Փոխնախարարը կիսվել է ոստիկանությունում ծառայության անցնելու չափորոշիչների միջազգային փորձով, անդրադարձել կին թեկնածուների տարիքին ներկայացվող սահմանային շեմի բարձրացման ուղղությամբ նախանշված լուծումներին։

Քննարկման առարկա դարձնելով կին ծառայողների բարձրացրած խնդիրները՝ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է հնարավոր լուծումներ, որոնք հետագայում կարող են օրենսդրական նախաձեռնությունների հիմք դառնալ:

Քննարկվել են ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչության, կարիերայի առաջխաղացման, կանանց ներկայացվածության խթանման և սոցիալական երաշխիքների բարելավման վերաբերյալ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին