Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են «Կամրջելով հնարավորություններն ու հմտությունները» խորագրով մարզային այցելությունները

10 Հունիս, 2024 12:30
Մեկնարկել են «Կամրջելով հնարավորություններն ու հմտությունները» խորագրով մարզային այցելությունները

Մեկնարկել են «Կամրջելով հնարավորություններն ու հմտությունները» խորագրով մարզային այցելությունները, որոնց շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնք։

Այցերի նպատակն է ծանոթանալ մարզերում կանանց ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին։ Միաժամանակ ստեղծել սերտ համագործակցության հարթակ՝ համայնքի և տարբեր սոցիալական նախաձեռնություններով հանդես եկող անձանց, համայնքային գործունեություն իրականացնող հկ-ների հետ։

Մեծամոր համայնքի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը խոսել է ընտանիքի ամրապնդմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի և աշխատանքների մասին՝ շեշտելով կնոջ դերի և առաքելության, ինչպես նաև ներուժի օգտագործման հնարավորությունների, կնոջ և տղամարդու դերերի համաչափ բաշխվածություն կարևորության մասին։

Քննարկմանը ներկա են եղել նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Էդգար Հովհաննիսյանը, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վերջիններս ներկայացրել են Մեծամոր համայնքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, արձանագրված ու վերհանված խնդիրները, համայնքի և ՀԿ-ների համագործակցության արդյունքները։ Խոսել են նաև կանանց աջակցմանն ու առաջխաղացմանը նպաստող, ընտանիքի կայացմանն ուղղված ծրագրերի մասին։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է նաև Արմավիրի մարզում գործունեություն իրականացնող «Երիտասարդ Ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ․ մանրամասն ծանոթացել է իրականացվող ծրագրերին և աշխատանքներին, մասնավորապես՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին, քննարկել հետագա համագործակցության ուղիները։

 

Լրահոս

Դիտել ավելին