«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...
Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։
Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։
Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: