ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում անդրադարձել է միջազգային գործընկերների հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանն ու իրականացվելիք այն ծրագրերին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են բյուջետային գործընթացների եւ թիրախների հետ:
«Կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարեւոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով՝ մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման եւ միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր եւ միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են եւ պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա»,- ասել է փոխվարչապետը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Արժութային միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրամիության, ԵԱՏՄ-ի, ՕՊԵԿ-ի հետ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:
«Վստահ եմ, որ 2023 թվականի բյուջեի կատարման արդյունքները եւ 2024 թվականի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, եւ կշարունակվի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն եւ հուսալի գործընկերոջ հեղինակությունը»,- ելույթը եզրափակել է փոխվարչապետը: