Պետական բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է եւ հետո միայն` ֆինանսական: Ինչու քաղաքակա՞ն, քանի որ պետական բյուջեն առաջին հերթին արտացոլում է այն քաղաքական հանձնառությունները եւ քաղաքականությունները, որոնք ստանձնել է գործող Կառավարությունը եւ վերջինիս քաղաքական հենարան հանդիսացող կառավարող խմբակցությունը. ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկման ընթացքում:
«2024 թվականի պետական բյուջեն ծախսային եւ եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է: Ծախսերը կազմելու են 3 տրիլիոն 17 մլրդ դրամ եւ կարծում եմ` մինչեւ վերջնական քննարկումները դրանք նույնիսկ կավելանան»,- ընդգծել է պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով` 2024 թվականին պետությունը տարբեր նպատակներով` աշխատավարձ, նպաստ, թոշակ, կրթություն, գիտություն, բանակ, ճանապարհաշինություն, առողջապահություն եւ այլն, կծախսի մոտ 7,5 մլրդ դոլար գումար: Ըստ Գեւորգ Պապոյանի` հաջորդ տարվա ծախսերը համարժեք են 2009 թվականի ամբողջ ՀՆԱ-ին, իսկ դոլարային արտահայտությամբ 2009 թվականի համեմատ աճել են մոտ 3,5 անգամ: Համեմատության համար զեկուցողը նշել է, որ հինգ տարի առաջ` 2018 թվականին, այդ ցուցանիշը պլանավորված է եղել ընդամենը 1 տրիլիոն 465 մլրդ դրամ կամ մոտ 3 մլրդ դոլար: «Այսինքն` պետական բյուջեի ծախսերը ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում դրամային արտահայտությամբ ավելացել են մոտ 2,1 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ` մոտ 2,5 անգամ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ խոսքը վերաբերում է ոչ թե 10, 20 եւ 30 տոկոսների, այլ անգամների:
Անդրադառնալով պետական բյուջեի եկամտային հատվածին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ 2018 թվականի պլանավորված 1 տրիլիոն 308 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին կլինի երկու անգամ ավելի շատ` 2 տրիլիոն 676 մլրդ դրամ: «Հատկանշական է, որ երբ ներկա վարչապետը դեռ 2018 թվականի ապրիլին Հանրապետության հրապարակից խոստանում էր երկու տարվա ընթացքում 30-40 տոկոսով ավելացնել հարկային եկամուտները, այն ժամանակվա իշխանությունները եւ նրանց ձայնակցող իշխանական «սազանդար» փորձագետները միաձայն դա համարում էին անիրատեսական, պոպուլիստական եւ հեգնում էին: Պետք է արձանագրել, որ հեղափոխական հարթակից տրված խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ հաջորդ տարիների համար գերակատարվել է: Սա արվել է վարձու աշխատողների եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցման պայմաններում»:
Խոսելով քաղաքացիներին տրված հաջորդ խոստման` տարեկան միջին տնտեսական աճը 7 տոկոս կազմելու պատճառի մասին` զեկուցողը նշել է. «Տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալիս հինգ տարում 40 տոկոսով ավելացնելու, իսկ 10 տարում կրկնապատկելու համախառն ներքին արդյունքը: 2022 թվականին արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տարբեր գնահատականներով կարձանագրվի նախանշված թիրախից` 7 տոկոսից ավելի բարձր աճ` 8 տոկոսի շրջակայքում կամ ավելի բարձր: Հաջորդ տարվա համար նորից թիրախավորել ենք շատ բարձր տնտեսական աճ` 7 տոկոս: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի դրությամբ տնտեսական աճի խոստումը նույնպես ոչ միայն կատարված է, այլ նաեւ նորից գերակատարված»: Գեւորգ Պապոյանի գնահատմամբ ցուցանիշի լավագույն արտացոլանքը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 2018 թվականի սկզբում կազմում էր ընդամենը 4000 դոլարից մի փոքր ավելի, այնինչ այս տարվա տվյալներով այդ ցուցանիշը կկազմի մոտ 8300 դոլար: «Այս ցուցանիշով Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը` առաջ անցնելով հարեւան երկու երկրներից»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Գեւորգ Պապոյանն անդրադարձել է նաեւ այն փոփոխություններին, որոնք ուղղակիորեն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա. «Եթե 2018 թվականի սկզբին նվազագույն կենսաթոշակը կազմում էր ընդամենը 16 հազար դրամ, ապա այսօր այն մոտ 2,3 անգամ ավելին է` 36 հազար դրամ: Այսինքն` մի ամբողջ 28 տարի էր պետք, որ նվազագույն կենսաթոշակը դառնա 16 հազար դրամ եւ ընդամենը 5 տարի` եւս 18 հազար դրամով ավելացնելու համար: Սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որն արտացոլում է մինչհեղափոխական Հայաստանի պետության ձախողումը»: Զեկուցողի խոսքով ՀՀ անկախության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակն ավելի բարձր է, բարձր թիվ է կազմում, քան նվազագույն պարենային զամբյուղը: «Սա մի կողմից հպարտության զգացողություն է առաջացնում, մյուս կողմից` ամոթի: Հպարտության, քանի որ մաս եմ կազմում այն թիմի, որը վերջապես կարողացավ մեր բոլոր կենսաթոշակառուներին տալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է: Բայց որպես քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր` ամոթի զգացողություն ունեմ, որ մեր պետությունը 30 տարի շարունակ մեր տատիկ, պապիկների մի զգալի մասի տվել է ավելի քիչ կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ ամաչելու պատճառ եւ առիթ ունեն բոլորովին այլ մարդիկ, որոնք տասնամյակներով այս հարցի պատասխանատուն են եղել եւ այսօր նրանց մի մասը կամ նրանց հարազատները նստած են ԱԺ դահլիճի ընդդիմադիր հատվածում:
Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ եթե 2018 թվականին նվազագույն աշխատավարձը կազմում էր 55 հազար դրամ, ապա այսօր այն 75 հազար է. ավելացումը կազմում է մոտ 40 տոկոս:
Պատգամավորը խոսել է նաեւ վերջին տարիներին միջին ամսական աշխատավարձի, աշխատողների քանակի, ինչպես նաեւ 2024 թվականին գիտության, կրթության, առողջապահության ոլորտներին ուղղվելիք հատկացումների ավելացման ու սոցիալական ծախսերի իրականացման մասին: Նշվել է, որ հեղափոխությունից հետո սոցիալական հատկացումները գրեթե կրկնապատկվել են:
Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով պաշտպանության ոլորտի ծախսերին, նշել է, որ հաջորդ տարի պլանավորվում է ունենալ 557 մլրդ դրամի ծախս. «2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեն կլինի 2,3 անգամ ավելի շատ, քան 2018 թվականինը»:
Ամփոփելով ելույթը` հանձնաժողովի նախագահն ասել է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսության բարձր աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից, ըստ պատգամավորի, հատկապես կարեւոր են երեքը. «Առաջինը` ժողովրդավարությունը, որն ապահովել է կապիտալի եւ աշխատուժի ներհոսքի կտրուկ աճ դեպի Հայաստան: Երկրորդը` ենթակառուցվածքներում կատարվող կապիտալ ծախսերը, այն է` հարյուրավոր դպրոցների եւ մանկապարտեզների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների, տասնյակ առողջության կենտրոնների, կամուրջների, ջրամբարների, թունելների եւ այլ ենթակառուցվածքների կառուցումն ու հիմնանորոգումը: Երրորդը` կատարված բարեփոխումները»:
Գեւորգ Պապոյանի խոսքով իր գլխավորած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին: