«Փաստ» օրաթերթը գրում է.
««Կյանքով լեցուն ու աշխույժ երեխա էր Հարությունը, անսահման հետաքրքրասեր: Արդարամիտ էր ու ազնիվ, ճիշտ խոսող: Երբեմն ասում էի՝ տղա՛ ջան, չի կարելի, ասում էր՝ չէ, մա՛մ, ավելի լավ է անձամբ ինձանից լսեն ճշմարտությունը, քան ես ուրիշի մոտ իրենց մասին խոսեմ: Անարդարություն չէր սիրում, միշտ նրանց կողքին էր, ովքեր ունեին իր կարիքը: Փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ: Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել, բայց կարող էր փոքրերի հետ բակում ֆուտբոլ խաղալ: Ամեն ոլորտից ուզում էր գաղափար ունենալ: Տարբեր խմբակների է հաճախել՝ շախմատի ու տարբեր այլ մարզաձևերի՝ բռնցքամարտ, ձյուդո: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների: Շախմատի առաջին կարգ ուներ: Թումո է հաճախել, ժողովրդական երգեցողության դասերի:
Մայրիկի խոսքով, որդին շատ հայրենասեր էր: «2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ դեռ փոքր էր, բայց առաջ էր ընկնում՝ ես ե՞րբ եմ գնալու ծառայության»: Պատերազմի սկսվելու դրությամբ Հարությունը 12 օր է ծառայել, քանի որ զորակոչվելուց հետո եղել է կարանտինի մեջ: «Նույնիսկ այդ մի քանի օրերից այնքան դրական տպավորություններ ուներ, բողոքներ չուներ: Զանգում էր, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ «ցենտր» է, դա իր խոսքն էր, թույլ չէր տալիս անգամ ինչոր ավելորդ հարցեր տալ: Իհարկե, չհասցրեց շատ ծանոթանալ ծառայությանը, անգամ իրար հետ ծառայող տղաները մեկը մյուսին ճանաչելու հնարավորություն չունեցան»: Պատերազմի նախօրյակին է Հարությունը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ: «Մեզ ոչինչ չասաց, միայն՝ մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է: Եղբոր հետ խոսեց, պետք է բռնցքամարտի մրցման գնար: Չեմպիոն էր դարձել, պետք է երկրորդ անգամ մասնակցեր: Ասաց՝ ա՛պ ջան, կրի, որ մենք էլ նշենք: Դա մեր վերջին զրույցն է եղել»:
Հետո սկսվում է պատերազմը: Զրույցների այս հատվածում միշտ հարցնում եմ՝ կապ ունեցե՞լ եք ձեր տղայի հետ, քանի՞ օր է տևել իր պատերազմը, նաև այլ հարցեր ուղղում: Տիկին Բելլայի միայն պատասխանի հիման վրա սարսափ ժանրի մի ֆիլմ կարող եք նկարահանել: «Ոչ ոք չգիտի, թե Հարությունի դեպքն ինչպես ու որտեղ է եղել: Իր ազգանունը բարդ է, սխալ էին գրել, սկզբում որևէ ցուցակում չէինք կարողանում գտնել իրեն: Հետո նրա անուն-ազգանունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում, նա հենց առաջին օրվանից համարվել է անհետ կորած: Նոյեմբերին, երբ իրենից որևէ լուր չունեինք, արյուն հանձնեցինք, 2021 թ.-ի հունվարին ԴՆԹ համընկնում եղավ»: Հարությունի ընտանիքն առ այսօր չգիտի, թե իրենց որդին երբ, որտեղ և ինչ պայմաններում է զոհվել: «Անգամ չկա մեկը, որ տեսել է իրեն այդ օրերին, գիտի, թե ինչ է եղել: Անհայտություն է: Նաև այդ պատճառով մինչև հիմա իրեն սպասում ենք, հրաշքի ենք սպասում: Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը պետք է բացի ու ներս մտնի:
Իր անուշ ու զրնգուն ձայնն եմ կարոտել, ուզում եմ նորից լսել: Երգելով տուն էր մտնում, ասում էր՝ ինչի՞ եք տխուր, ուզում եմ աժիոտաժ լինի, ու սկսում էր բոլորիս աշխուժացնել: Մեր տան լույսն էր, առանց իրեն շատ բարդ է ապրելը: Առանց կոնկրետ մի բան իմանալու ապրելն անհնար է: Պահես, մեծացնես ու անհայտության մեջ ապրես: Այնպիսի տղա ունեինք, որ վաղը պիտանի էր լինելու մեր երկրին: Եղբայր և քույրիկ ունի Հարությունս: Քույրիկն էլ է շատ սպասում՝ մա՛մ, ապերս պիտի գա: Ինձ իր խոսքերն են ուժ տալիս՝ մա՛մ, դու ինձ պիտի չսպասես, բայց ես պիտի գամ: Բանակ գնալուց, երբ արդեն մեքենա էր նստում, երկար նայեց մեր շենքին, մի տեսակ անհանգստացա, ասաց՝ «մամ, ես գիտեմ, որ էլ չեմ գա, չեմ տեսնի մեր տունը»: Արձագանքեցի՝ ո՞նց չես գա, «մա՛մ, միշտ հիշի, դուք ինձ պիտի չսպասեք, բայց ես պիտի գամ»:
Հ. Գ. - Հարություն Սեյրադարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գյումրի քաղաքի պանթեոնում: