Կարևոր իրադարձություններ

Դատավորի գործունեությանը միջամտելն առաջացնում է քրեաիրավական հետևանք

13 Նոյեմբեր, 2023 15:39
Դատավորի գործունեությանը միջամտելն առաջացնում է քրեաիրավական հետևանք

Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ այսօր լրատվական կայքերից մեկը նյութ էր հրապարակել, որտեղ անդրադառնալով լրատվամիջոցի դեմ դատարանի կողմից կայացված դատական ակտին՝ հոդվածի հեղինակն այն որակել էր «ոչ իրավաչափ», և ի թիվս այլնի՝ նշել, թե «դատարանի կողմից կատարված քայլերն ապօրինի են և լրատվամիջոցների դեմ ուղղված այս որոշումն անհապաղ պետք է դառնա ԲԴԽ ուսումնասիրության առարկա»:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդը, ո՛չ Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ո՛չ էլ որևէ այլ անձ իրավասություն չունի միջամտելու դատական ակտերի կայացման գործընթացին. դատարաններն անկախ մարմիններ են և որոշումները կայացնում են ինքնուրույն՝ հիմնվելով փաստական տվյալների վրա:

Ավելին, արդարադատություն իրականացնելիս դատավորի գործունեությանը միջամտելը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հետևաբար, դատական ակտի հետ անհամաձայնություն ունենալու դեպքում անհրաժեշտ է օգտվել բողոքարկման համակարգից, որը սկզբունքորեն այն միակ եղանակն է, որի միջոցով արդեն իսկ ընդունված դատական ակտը կարող է կասկածի տակ դրվել, և միակ եղանակը, որով դատավորները կարող են հաշվետու լինել իրենց կայացրած դատական ակտերի համար:

Հիշեցնենք նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու չէ իր սեփական նախաձեռնությամբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել։ Դատավորի կողմից թույլ տրված խախտումների համար առկա է կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված հստակ մեխանիզմ, և եթե կան իրական և օբյեկտիվ բողոքներ, բոլորը կարող են դիմել կա՛մ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկային հանձնաժողով, կա՛մ Արդարադատության նախարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին