Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

13 Նոյեմբեր, 2023 12:18
Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Աբովյան համայնքում:

Առաջին ծրագրով ավելի քան 140 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման նպատակով: Աստիճանները հիմնովին քանդվել են և վերակառուցվում են նոր, հարմարավետ, ժամանակակից պայմաններով: 130մ երկարությամբ և 10 մետր լայնությամբ սանդուղքի մեջտեղի հատվածը լինելու է կանաչապատ տարածք, կառուցվում է նորմատիվներին համապատասխան թեքահարթակ՝ սահմանափակ կարողություններով և հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով:

Սանդուղքը կառուցվում է կառավարության 35% և համայնքային 65% ֆինանսավորմամբ:

Աշխատանքների ավարտը նախատեսված է նոյեմբերի վերջին:

Ընդգծենք, որ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող սանդուղքը խորհրդային տարիներին էր կառուցվել, սակայն ոչ լիարժեք, ու անկախացումից հետո այն առաջին անգամ հիմնովին նորոգվում է կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ:

Կառավարության 2023 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աբովյան համայնքի Արամաուս, Առինջ, Բալահովիտ Գետարգել, Գեղաշեն, Կամարիս, Կաթնաղբյուր, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի բնակավայրերում կատարվել են ճանապարհաշինական ծավալուն աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, բարեկարգվել, հիմնանորոգվել և ասֆալտապատվել է շուրջ 10 կմ երկարության ներհամայնքային ճանապարհահատված: Ծրագրի արժեքը 841 263 756 դրամ է, որից 292 289 981 դրամը (35%) կառավարության բյուջեի ներդրման չափն է, իսկ 545 973 775 դրամը (65%)՝ համայնքի ներդրումը:

Առինջ և Արամուս բնակավայրերում աշխատանքները դեռ շարունակվում են:

Աբովյան քաղաքի Հատիս փողոցի նոր թաղամասում, Առինջում, Արամուսում, Մայակովսկիում և Պտղնիում էլ կառուցվել են լուսավորության համակարգեր:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 5900 գծամետր լուսավորության համակարգ:

Ծրագրի արժեքը 29 477 513 դրամ է, որից 13 240 636 դրամը (45%) կառավարության բյուջեից ֆինանսավորման չափն է, իսկ 16 236 877 դրամը (55%)՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն ավարտված են:

Աբովյան  համայնքի  բնակավայրում էլ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 158 մլն. դրամ արժեքով, կառավարության 70% (110 600 000 դրամ) և համայնքի 30% (47 400 000 դրամ) համաֆինանսավորմամբ հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել:

Մանկապարտեզի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է տարեվերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին