Կարևոր իրադարձություններ

Միապաղաղ գաղջն այս ամիս կոտրել են. ամենաքննարկվածների TOP 10

27 Փետրվար, 2016 15:38
Միապաղաղ գաղջն այս ամիս կոտրել են. ամենաքննարկվածների TOP 10

Քաղաքական անցուդարձը հանրության շրջանում հույսեր ու հետաքրքրություն առանձնապես չի արթնացնում: Քիչ թե շատ աչքի ընկնող ամեն մի միջադեպ այս պայմաններում դառնում է հանրային լրջագույն քննարկման առարկա: Եվ այսպես, միապաղաղ գաղջն այս ամիս կոտրել են.

 

1.Վարդգես Գասպարի

Բանտում նրան խոշտանգելու լուրը ցնցեց նույնիսկ ամենաանտարբերներին: Տարբեր տեղերում բողոքող և գետնին պառկող յուրօրինակ քաղակտիվիստը երբեք այսքան ճանաչված չէր եղել, որքան դարձավ քաղբանտարկյալ հռչակվելուց հետո: Նրանից վիրավորված դատավորը նրան կալանավորելով հերոսացրեց, իսկ Ազգային ժողովի ծախու, կիսածախու ու նաև մեկ-երկու սկզբունքային պատգամավորներն էլ փորձեցին հերոսանալ նրա համար ստորագրություններ շռայլելով: Հանրության վերջին ակտիվ փշուրներն էլ ոտքի ելան ու պառկեցին Բաղրամյան փողոցում՝ ի պաշտպանություն հայհոյախոս ու սիրված Գասպարիի:

 

2.Մհեր Սեդրակյան

Նա «նախիր» անվանեց մի քանի լրագրողների՝ առաջացնելով մեդիադաշտի լուրջ ցասումն ու դառնալով մեդիաարշավի թիրախ: Նրան մեղադրեցին լրագրողներին հայհոյելու մեջ, բայց հայտնի տեսագրության մեջ այդպես էլ վերջնականապես չկարողացան ցույց տալ հայհոյելու մասը: Ցավալի է, որ խոսքի ազատությունը երբեմն սխալ դրսևորումներ է ունենում, ինչից օգտվում են ամենատարբեր շրջանակներ, ովքեր ստեղծված իրավիճակում իրենց շահի մասին են մտածում միայն: Այս առումով, հատկանշական է հատկապես միջադեպի հետ կապված Սեդրակյանի՝ հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ ամոթ է և՛ ընկերություն անելը, և՛ թիկունքից հարվածելը:

 

3.Արթուր Բաղդասարյան

Այս ամիս նա հանդես եկավ որպես մի հսկայական նոր ուժի հիմնադիր: Ռուսաստանի հետ Թուրքիայի դեմ պատերազմելու մասին նրա ռազմատենչ հայտարարության պատճառով նոր ուժի դեմ հարձակումն ու ծաղրանքը նոր թափ առավ հատկապես իշխանական լրատվամիջոցներում: Հատուկ ծաղրանքի ենթարկվեց այն, որ տարբեր անհայտ կազմակերպություններ համախմբելու տարերքի մեջ ՕԵԿ-ը չի նկատել, թե ինչպես է իր վերածննդի ակտում ներգրավել «Կույս կանանց միավորումը» և զավեշտալի անվանումներով շատ այլ կառույցներ:

 

4.Արմեն Աշոտյան

Նա այս ամիս հրաժեշտ տվեց իր նոր վերանորոգված կաբինետին և գնաց որպես ՀՀԿ-ՀՅԴ սիրավեպը հաստատող խորհրդանիշ: Նա գնաց մենակ՝ գլուխը բարձր և պարապ ժամանակը լցնելու տասը կետանոց դեղատոմսով: Նա գնաց զբաղվելու կուսակցական գործունեությամբ՝ մնալով քաղաքականության մեջ և հասկանալով, որ իր երիտընկերները հին ընկերների պես չեն: Նա վերջապես գնաց՝ վերադառնալու հույսով, խոստումով, սպառնալիքով…

 

5.Գալուստ Սահակյան

Այս ամիս լայնորեն քննարկվեց նրա առողջական խնդիրը, քանի որ որդու ծննդյան տարեդարձի խնջույքից արյան ճնշման վայրիվերումներով հիվանդանոց տեղափոխվեց Հայաստանի ամենատարեց պաշտոնյաներից մեկը՝ տրամադրության վայրիվերումներ առաջացնելով սոցիալական ցանցերում: Մարդիկ սկսեցին չարախոսել կամ սրտանց անհանգստանալ նրա առողջությամբ, իսկ նրա հարազատներն ու կուսակիցները հայտարարեցին, որ ամեն ինչ կարգին է, և նա շուտով կվերադառնա: Կվերադառնա ու կշարունակի քննարկվել ոչ թե առողջական, այլ իր մշտական լեզվատրամաբանական խնդիրների կապակցությամբ:

 

6.Սամվել Կարապետյան

Ռուսաստանի ամենաազդեցիկ հայը և Հայաստանի ամենահարուստ ռուսաստանցին այս ամիս շատ քննարկվեց, երբ մամուլը հերոսաբար պարզեց մի անիմաստ հանգամանք՝ թե որքան գումար է նա վճարել ՀԷՑ-ի մասնաբաժնի համար: Նա ու իր նոր ձեռք բերված ընկերությունը դարձան մեկ այլ՝ արդեն բացասական քննարկումների առարկա, երբ պարզվեց, որ կառավարությունը նոր վարկ է վերցնում, որպեսզի վճարի ՀԷՑ-ի պարտքերը: Այս քննարկումը ստվերեց Կարապետյանի մեծ բարերար կերպարը, բայց հանրային կապերի ճիշտ աշխատանքը դեռ ամեն ինչ կարող է շտկել: 

 

7.Սամվել Ալեքսանյան

Նա այս ամիս իրեն հատուկ պարզությամբ ու հումորով կարողացավ ոչ միայն պաշտպանել իր ընկերոջը՝ Մհեր Սեդրակյանին, այլև այդ պրոցեսում դարձավ ամենաքննարկված մարդկանցից մեկը: Նա խորհրդարանում ստեղծեց օլիգարխալրագրողական փորձագիտական հանձնաժողով և կոմպրոմատային տեսագրության դիտումներ կազմակերպելով բոլորին ապացուցեց, որ իր ընկերը չի հայհոյել: Ձանձրացող ու դատարկաբանող լրատվամիջոցների համար Գրքի օրը կարևորագույն թեմա դարձավ նաև այն, որ Սամվել Ալեքսանյանը և իր ընկեր գեներալ Սարոյանը կարդացել են բոլոր գրքերը, հատկապես Րաֆֆու «Սամվելը»:

 

 8.Աղվան Վարդանյան

Այս ամիս բոլոր իրական ու կարևոր քննարկումների ու հարձակումների կենտրոնում դաշնակցությունն էր: Բազմադեմ ղեկավարության պարագայում այս ամիս կուսակցության խորհրդանիշ դարձավ իշխանական հուշագիրը ստորագրող և ստորագրումից հետո լրագրողների հետ խրոխտ ու լակոնիկ խոսող Աղվան Վարդանյանը: Նա ոչ միայն հասցրեց իրեն ու իր հին ընկերներին պատասխանատու հռչակել իշխանության բոլոր գործերի համար, այլև միացավ իշխանությունից քաղբանտարկյալ Գասպարիի ազատությունը պահանջող պատգամավորական ստորագրահավաքին: 

 

9.Արման Թաթոյան

Նա ընտրվեց Հայաստանի չորրորդ ՄԻՊ, ընդ որում պատգամավորական ձայների բացարձակ աջակցությամբ: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկեցին այնպիսի թունդ ընդդիմադիրներ, ինչպիսիք էին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլոք, որոնք ապացուցեցին միջազգային ու տեղական հանրությանը, որ նոր Սահմանադրության շնորհիվ նոր օմբուդսմենը վայելում է թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության լիարժեք վստահությունը: Այս բերկրալի պատկերը փչացրին քաղաքական բանտարկյալների մասին հարցերը և Գասպարիի դաժան խոշտանգման մասին լուրերը, որոնց վերաբերյալ կտրուկ ու կոնկրետ գնահատականներ հնչեցրեց երբեք չխեղճացող Թաթոյանը:

 

10.Վահան Բաբայան

Նա հեռացել է Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից, նա եղել է ՄԻԱԿ-ում, նա լքել է Երիտասարդական կուսակցությունը, նա փախել է «Հանրապետություն» կուսակցությունից, նա այժմ էլ հեռանում է ԲՀԿ-ից: Երիտասարդ կուսակցափոխն աստիճանաբար նմանվում է հայտնի հեքիաթի հերոսին, որը գլորվեց ու փախավ տատիկից, նապաստակից, արջից ու գայլից, բայց նրան ի վերջո կուլ տվեցին… Արդյո՞ք ներքաղաքական Գնդիկ-բոքոնիկի վերջը կամ վերջին հանգրվանը կլինի ՀՀԿ-ում: Այս և այլ հարցեր քննարկվեցին այս ամիս, երբ նա լքեց հերթական կուսակցական թիմը ու ԲՀԿ խոսնակի իր պաշտոնը:

 

Այս ամսվա ներքաղաքական ձանձրույթը մի քանի րոպեով փարատեցին նաև այլ գործիչներ, բայց այնքան կարճ, որ այս համատեքստում հիշատակման ենթակա չեն:

 

Տիգրան Գալստյան

 

Լրահոս

Դիտել ավելին