ԱՄՆ կոնգրեսի 75 անդամ նախագահի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։
Կոնգրեսականներն առաջարկել են գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվել անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի օրենքը»։
Բացի այդ, նամակի հեղինակներն առաջարկել են հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ անել՝ ներգրավվելու այդ գործում։