«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստացի ապրում ենք հայ ժողովրդի համար ամենաողբերգական շրջաններից մեկը. 30 տարի առաջ ազատամարտի արդյունքում ձեռք բերված փառահեղ հաղթանակից ոչինչ չի մնացել։ Արցախի պետականությունը շուտով լիովին դադարելու է գոյություն ունենալ։ Հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներ Արցախից տեղափոխվել են Հայաստան։ Պարզ է, որ արցախցիները չէին կարող համակերպվել ադրբեջանական տիրապետության հետ, որին բնորոշ են ամենաանմարդկային վայրագություններն ու գազանությունները։ Ի վերջո, խոսքը հանցագործ, ահաբեկչական պետության մասին է: Սակայն դեռ մարդիկ կան, որոնք մտածում են, թե առաջիկայում հնարավոր է մի քանի հազար մարդ հետ գնա Արցախ, որովհետև անհրաժեշտություն կա, որ ռուս խաղաղապահները մնան, և հետևաբար Ռուսաստանը դրա միջոցով լծակ ունենա Ադրբեջանի վրա։
Բայց եթե արցախցիների մի շատ փոքր մասն էլ ինչ-ինչ միջազգային մեխանիզմների գործարկման պարագայում պատրաստակամություն հայտնի վերադառնալ Արցախ, ինչը գրեթե անհավանական սցենար է, միևնույնն է, Ադրբեջանը չի համաձայնի, որ ռուս խաղաղապահները մնան՝ մանավանդ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված 5 տարվա լրանալուն քիչ է մնացել, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին այդպես էլ խորհրդարանում չհաստատեց ռուս խաղաղապահների մանդատը։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չեղավ (չցանկացավ) կանխել Արցախի վրա հարձակումն ու էթնիկ զտումը, ապա հարցական է մնում, թե ինչպես է կարողանալու ապահովել խաղաղապահների հետագա գործունեությունը։ Իսկ հիմա փաստը մնում է փաստ, որ կորցրինք մեր հայրենիքի մի կարևոր հատվածը, որտեղ հայերը բնակվել են հազարամյակներ շարունակ և պայքարել են իրենց գոյատևման համար։
Այս անգամ արցախահայերի դեմ ագրեսիան տեղի ունեցավ 21-րդ դարում, երբ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային հանրության կողմից իբր հռչակվել են որպես բարձրագույն արժեք, սակայն այդ նույն միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում էր Ադրբեջանին։ Արցախի կորստով փաստացի կոտրվում է նաև Հայաստանի ողնաշարը՝ մանավանդ որ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի այլ վայրերում ապրած ադրբեջանցիներին վերադարձնելու պլան է հետապնդում։ Հասկանալի է, որ թուրքադրբեջանական տանդեմը տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու հեռահար մտադրություններ ունի՝ պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Բայց այդ ծրագրերի իրականացումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել տարածաշրջանային այլ խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի համար։
Թուրքիայի հզորացումը սպառնալու է Ռուսաստանին ու Իրանին դուրս թողնել մեր տարածաշրջանից, որի արդյունքում Հարավային Կովկասն ամբողջովին կհայտնվի թուրքական ազդեցության տակ։ Ադրբեջանն ամբողջովին վասալի կարգավիճակում է, թուրքական կապիտալը գերիշխող դիրքեր ունի Վրաստանում, իսկ երբ հայ-թուրքական սահմանն էլ բացվի, ապա Հայաստանի հարցերն էլ հնարավոր կլինի լուծել, ու այդ ժամանակ նույնիսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության անհրաժեշտությունը չի լինի»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: