Կարևոր իրադարձություններ

Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

02 Հոկտեմբեր, 2023 14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված ևս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան և էթնիկ զտումների քաղաքականությունը:

Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ և պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն եւ խաղաղասիրությամբ եւս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարևորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարևոր դերակատարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին