Կարևոր իրադարձություններ

Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»

30 Սեպտեմբեր, 2023 08:02
Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Հարցի հրատապությունը ՀՀ իշխանությունները պայմանավորում են Ադրբեջանի ԶՈւ–ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։ Նիկոլ Փաշինյանն էլ հատուկ ընդգծում է, թե կանոնադրության վավերացումը միանշանակ բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրանով Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար: Բայց Հռոմի կանոնադրության վավերացումը նախ իրավական առումով է խնդրահարույց։

Խնդիրն այն է, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ վավերացման գործընթացը ընդհատվել է 2004 թվականի օգոստոսի 13-ին, երբ Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Դատարանն արձանագրել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության այն հոդվածներին, որոնցով սահմանվում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Հռոմի կանոնադրությունը վավերացնելու խնդրի վերանայումը հնարավոր է միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

 
 
 

Եվ մասնագետները նկատում են, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու համար պետք է նախ փոխել Սահմանադրությունը և նրա մեջ համապատասխան դրույթներ ներառել։ Բայց առանց դրա էլ այս տարվա մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քնեց, արթնացավ ու կառավարության դիմումի հիման վրա ընդունեց որոշում, ըստ որի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Մյուս խնդիրն այն է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը դեռ չի նշանակում, թե Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրագործվելու են։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, չեն վավերացրել Հռոմի կանոնադրությունը և դատարանի անդամ չեն։ Միջազգային քրեական դատարանին չեն անդամակցում նաև Թուրքիան ու Ադրբեջանը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին