«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երկու ավագ քույրերի կրտսեր եղբայրներն են Բորիկն ու Նարեկը: «Բորիկի հայացքում կարծես խստություն լիներ, բայց հոգին նուրբ ու զգայուն էր: Ծնողասեր էր, հայրենասեր, ընկերասեր: Մինչև 13-14 տարեկանը շատ շարժուն երեխա էր: Չնայած Բորիկն ու Նարեկը զույգ եղբայրներ են, բայց բնավորությամբ ծայրահեղություններ են: Նարեկը հանգիստ էր, իսկ Բորիկը՝ հակառակը: Նարեկից հինգ րոպե շուտ էր ծնվել Բորիկը և կարծես առաջնորդի հատկանիշներն իրեն էր վերցրել: Երբեմն անգամ այդ թեմայով կատակում էին եղբոր հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Բորիկի մայրիկը:
«Տավուշի հուլիսյան դեպքերից հետո մի տեսակ անհանգիստ էի: Տղաներին տեսել էինք երդմնակալության արարողությանը՝ փետրվարի 22-ին, հետո սկսվեց համավարակը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա պատերազմի լուրով: Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում, բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Սեպտեմբերի 27-ին ժամը 2-ի կողմերը Բորիկը զանգեց հայրիկին՝ պա՛պ, լավ ենք, իջել եմ ներքև, տղերքին պետք է վերև բարձրացնեմ: Բորիկի հետ շատ ուշ-ուշ եմ խոսել, Նարեկի հետ՝ երբեմն անգամ ամեն օր: Երկու եղբայր եղել են տարբեր հատվածներում: Պատերազմի սկսվելու պահից իրար չեն տեսել, հեռախոս չեն ունեցել իրենց մոտ: Բորիկի հետ խոսում էի, հարցնում էի՝ Նարեկին տեսե՞լ ես, ասում էր հա, իր մոտ եմ եղել: Նարեկի մասին լուր չուներ, բայց մեզ համոզում էր, թե տեսել է: Օրեր շարունակ իրարից անտեղյակ լինելով՝ մեզ հակառակն էին համոզում»:
Սեպտեմբերի 29-ին Բորիկի մեքենան պայթում է ԱԹՍ-ի հարվածից: «Երբ իմացա, առաջին հարցը, որ տվել եմ՝ զոհ ունե՞նք: Ասաց՝ չէ, փառք Աստծո: Իրեն միշտ ասում էի, որ մեքենայի թափքում նստած բոլոր զինվորների կյանքը քո ձեռքում է, պետք է շատ զգույշ ու ուշադիր լինես: Դրանից հետո Բորիկը տեղափոխվում է այլ գումարտակ: Հրամանատարն ասում է՝ արի, քեզ ուղարկեմ Նարեկի մոտ, բայց Բորիկը չի համաձայնել, «միևնույնն է, նույն պատերազմն է, ամեն մեկս թող մեր տեղում մնանք»: Չգիտեմ՝ Աստվա՞ծ էր այնպես արել, որ տարբեր տեղերում լինեն, ու Նարեկը Բորիկի զոհվելը չտեսներ»:
Մայրիկի խոսքով, որդին զենք է վերցրել ու հայրենիքի պաշտպանությունը շարունակել խրամատից: «Երբ զոհվելուց հետո հրամանատարը եկավ մեր տուն, իր անկյունում կանգնած լալիս էր՝ իմ ամենահամարձակ, ամենախելացի, ամենակազմակերպված զինվորներից էր Բորիկը: Տանկը թիրախավորել և հարվածել է Բորիկիս, հրամանատարի շնորհիվ մեզ նրանից մասունք է հասել, եթե հրամանատարն այնտեղ չլիներ, գուցե մինչև հիմա ԴՆԹ-ի պատասխանի սպասեինք: Երբ զրուցում էինք, ասում էի՝ ախր, լուրեր կան, որ թշնամին Հադրութում է, դուք ինչո՞ւ եք մնացել, դուրս եկեք, արձագանքում էր՝ գիտե՞ս, թե որքան բան ունենք այստեղ թողած:
«Ընկերնե՞ր, Բորիկ», այդ պահին, կարծես կոկորդը սեղմած, հառաչանքով, պատասխանեց՝ «հա, մա՛մ, մեր տղերքից շատերն էլ չկան, ուզում ենք նրանց դուրս բերել»»: Մայրիկն ասում է՝ գոհ է նաև որդիների հրամանատարներից, նրանք կյանքեր են փրկել, հրամանատարի շնորհիվ է նաև, որ Բորիկը տուն է «վերադարձել»: Հոկտեմբերի 19-ին մայրիկը վերջին անգամ զրուցել է Բորիկի հետ: Հաջորդ օրը նա զոհվել է: Ընտանիքին տարբեր լուրեր էին հասնում՝ որ ուժեղ գրոհ է եղել, որ լավ լուրի սպասել պետք չէ, բայց Բորիկի անունը չկար նաև գերիների ու զոհվածների ցուցակներում: Օրեր անց Բորիկը, ավելի պարզ ասած՝ նրա մասունքը «հասնում է» ծնողներին: «Բորիկս ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, դու ուժեղ ես: Մտածում եմ՝ երևի սրան էր պատրաստում, որ ուժեղ լինեմ: Ու ինքս ինձ ասացի՝ «իմ երեխեն ուժեղ է, հերոս, պետք է ուժեղ լինեմ, նստեմ իր կողքին ու ճանապարհեմ իրեն, որ իմ փոխարեն չամաչի»»:
Նարեկը Բորիկի հուղարկավորության օրը տուն է հասնում: «Պատմում է՝ գիտեի, որ Բորիկի հետ ամեն բան կարգին է, բայց այդ օրը ներսս սկսեց տաքանալ, կարծես ինչ-որ բան շարժվեր, թույլ էի: Վաշտի հրամանատարին ասում է՝ կապ տուր, խոսեմ Բորիկի հետ, բայց նա արդեն տեղյակ է լինում, թե ինչ է պատահել, ու ասում է, թե կապ չկա: Նարեկի սրտում արդեն կասկածներ են արթնանում: Նարեկին ուղարկում են տուն, ասում, թե Բորիկը վիրավոր է: Նարեկը պետք է հաց տեղափոխող մեքենայով իջներ, բայց վերջին պահին ասում են՝ «ուազով» կգնաս: Հացի մեքենան պայթեցնում են, երկու հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Ամբողջ ճանապարհին Նարեկս Աստծուն միայն մեկ բան է խնդրել, որ Բորիկը ողջ լինի՝ թող ոտքեր չունենա, իր ոտքերը կլինեմ, թող ձեռքեր չունենա, իր ձեռքերը կլինեմ»:
Նարեկը եղբոր մահն անասելի ծանր է տանում, բայց կարողանում է իր սիրելի ընտանիքի օգնությամբ հաղթահարել ցավը, չնայած մայրիկին հաճախ է ասում՝ իմ կեսը չկա: «Բորիկը սիրում էր կյանքը, նպատակներ ուներ, պետք է դրանք կյանքի կոչենք: Ամեն ինչից զատ, պետք է թիկունք լինենք Նարեկիս:Միշտ ասում էինք՝ Բորիկը Նարեկին թիկունք կլինի, հիմա այդ պատասխանատվությունը մնաց իմ ու ամուսնուս ուսերին: Աստծուն խնդրում եմ՝ երկար ապրեմ, որ Բորիկի փոխարեն Նարեկի կողքին լինեմ: Իրենց ծննդյան օրն ինձ մոտ երկակի զգացողություն է, ինչպես Բորիկիս հուղարկավորության օրն էր: Ամենադժբախտն էի, որ Բորիկս զոհվել էր, բայց ամենաերջանիկն էի, երբ Նարեկս տուն եկավ: Այս օրերին նորից վերապրեցի իմ ցավը, անգամ կրկնակին: Հույս էի փայփայում, որ կգնամ Արցախ, մի բուռ հող կբերեմ տուն, որի մեջ Բորիկիս միս ու արյունն է, շունչն ու հոտը»,-ասում է տիկին Լենան:
Հ. Գ. - Բորիկ Մուսինյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Գարգառ գյուղի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: