«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երիտթուրքերի կողմից գործնական հիմքերի վրա դրված պանթուրքական ծրագրերն ավելի քան հարյուր տարի անց կրկին նոր շունչ են ստանում։ Խնդիրն այն է, որ հնարավորություններ են բացվել, որպեսզի Թուրքիան ուղիղ ցամաքային կապ հաստատի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի թյուրքախոս երկրների հետ, ու ժամանակի ընթացքում ինտեգրացիայի միջոցով ձևավորվի թուրք ազգայնականների երազանքի Մեծ Թուրանը։ Բայց թուրքական առավելապաշտական ծրագրերի իրականացմանը խանգարում են գլխավորապես Հայաստանն ու Արցախը։ Եվ քանի որ Արցախի բռնազավթման հարցն Ադրբեջանի կողմից լուծվեց, ապա մնում է Սյունիքի թեման, որի տարածքով «միջանցք» ստանալու միջոցով էլ թուրքական աշխարհը «կմիավորվի»։
Մյուս կողմից էլ, եթե Իրանով անցնող ճանապարհի տարբերակը կա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական ու թուրքական բարձրաստիճան ներկայացուցիչները անընդհատ Հայաստանից միջանցք պահանջում։ Իրականում «Զանգեզուրի միջանցքի» իրանական տարբերակի շրջանառումը ընդամենը բլեֆ է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմին պետք չէ, որ իրենց համար այդ կարևոր ճանապարհը վերահսկի Իրանը, իրենց Հայաստանի տարածքով անցնող սուվերեն միջանցք է պետք, որպեսզի հայկական կողմը դրա վրա որևէ վերահսկողություն չունենա, ու ինչ բեռներ ցանկանան, տեղափոխեն, այդ թվում՝ սպառազինություններ։ Արդյունքում կկտրվի Իրան-Հայաստան ճանապարհը, ու Հայաստանն ավելի խոր շրջափակման մեջ կհայտնվի, քան հիմա է, իսկ Ադրբեջան տեղափոխված սպառազինություններն էլ մի օր կարող են կիրառվել Իրանի դեմ՝ այս անգամ Հարավային Ադրբեջանն այդ երկրից բռնազավթելու մտադրությամբ։
Արցախի տարածքում միանգամից երեք օդանավակայանի կառուցումը ևս հիմնավորում է այն ենթադրությունը, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թիրախում հաջորդն Իրանն է լինելու՝ մանավանդ որ Իսրայելը մեծապես շահագրգռված է Իրանին հարվածելու հարցում ու անընդմեջ զինում է Ադրբեջանին։ Բայց մինչ այդ Հայաստանի հետ է պետք հարցերը լուծել։ Դրա համար էլ Բաքվից արդեն սկսել են հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու ու դրա ֆոնին միջանցք բացելու համար, որքան էլ Ալիևի խորհրդական Հաջիևը նշի, թե Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար:
Ի վերջո, ակնհայտ է, որ ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու խոսքին մի փոքր անգամ հավատալ չի կարելի: Նրանք ստում են ամենօրյա ռեժիմով: Դրա թարմ օրինակը ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավար Էրդողանի հերթական հայտարարությունն է, թե իրենց «պատմության մեջ նման դեպք չի եղել», իսկ նույն Հաջիևը դժգոհություն է հայտնել էթնիկ զտման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հետ կապված՝ ասելով. «Ադրբեջանի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել»»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: