«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Շատ կարևոր է, որ տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր անհատներ ճշմարտությունը հասցնեն միջազգային հանրությանը: Նախօրեին նման մի հայտարարություն էին տարածել մոտ հինգ տասնյակ իրավագիտության դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ և ուսանողներ:
Մանրամասն, փաստարկված նշելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ, ցեղասպան գործողությունների մասին՝ իրավաբանները շեշտում են, որ, ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ «Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: