ԵՄ-ն օժանդակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը՝ մտքեր փոխանակելու ներկա իրավիճակի և տեղի բնակչության հրատապ կարիքները լուծելու ջանքերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք
Սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպումը հյուրընկալել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սիմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նախագահ Միշելը ևս միացել է մասնակիցներին կարճ ժամանակով:
Հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն և անվտանգություն ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։ ԵՄ-ն ընդգծեց թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը միջազգային հումանիտար և մարդու իրավունքների դերակատարների համար, ինչպես նաև ավելի մանրամասն Բաքվի տեսլականը Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ:
Մասնակիցները քննարկեցին նաև առաջնորդների հնարավոր հանդիպումը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում:
«ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը իրենց հավատարմությունը հրապարակայնորեն վերահաստատելու համար»,- ասվում է հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։ .