«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երեւանի նոր քաղաքապետ, քանի որ որեւէ ուժ չի ստացել 50%+1 ձայն:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, եւ արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որեւէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որեւէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որեւէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ:
«Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է:
Թե ինչ ճակատագիր կունենա Երեւանը, դեռեւս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաեւ ավագանու անդամներին»: