«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ աշխույժ, ծիծաղկոտ ու կատակասեր տղա էր Ռազմիկս: Արագ էր քայլում՝ ոտնաթաթերի վրա, կրունկը գետնին չէր դիպչում: Չափազանց արագաշարժ էր, իրեն վստահված աշխատանքը վայրկյանների ընթացքում էր կատարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Ռազմիկի մայրիկը:
Պատանեկության տարիներին Ռազմիկը սիրահարվում է դասընկերուհուն, 20-ից ավելի բանաստեղծություն է գրում, բոլորը՝ նվիրված նրան: «Տետրի մեջ գրել էր իր բանաստեղծությունները: Մի անգամ պայուսակի մեջ այդ տետրը տեսա, բացեցի, որ կարդամ, ու Ռազմիկը տուն մտավ: «Մա՛մ, դա չի կարելի կարդալ», հակադարձեցի՝ «մամային ամեն ինչ կարելի է»: Բայց թույլ չտվեց կարդալ»: Բանակ գնալուց Ռազմիկը տետրը տալիս է հորաքրոջ տղային՝ Արամին: Ռազմիկի զոհվելուց հետո Արամը տետրը փոխանցում է մայրիկին: Ռազմիկն իր բանաստեղծությունները վերնագրել էր «Պոետիկ տողեր սրտի խորքից»:
Դպրոցն ավարտելուց հետո Ռազմիկն ընդունվել էր Ազգային պոլիտեխնիկական համալսարան: «Շատ ուրախ էր, սիրում էր իր ուսանողական կյանքը, վայելեց ուսանողական չորս ամիսը: Դպրոցում սիրում էր ռուսաց լեզուն, այդ սերը նաև համալսարանում շարունակվեց: Դասախոսը դասերի ժամանակ հաճախ է հարցրել՝ կա՞ ուսանող, որը կարող է իմ ներկայացրած դասը պատմել, առաջինը Ռազմիկն էր, քանի որ իր համար խնդիր չէր լսածը վերարտադրելն ու պատմելը: Իսկ ինձ ասում էր՝ այդ առարկայից խնդիր չունեմ, ստուգարքս կարծես նշանակված լինի, իսկ դասախոսն էլ ասել է՝ իմ սիրելի ուսանողն ես:
Եղբայրը սովորում էր նույն համալսարանի մագիստրատուրայում: Ռազմիկից հետո Ռաֆայելին դասախոսներն ասել էին՝ պիտի շարունակես ապրել, արարել: Հետո հարցերի միջոցով պարզել են, որ Ռազմիկը բանաստեղծություններ ունի գրած, ավագ որդիս ասել էր, որ ցանկանում է գիրք տպագրել: Գիրքը լույս տեսավ համալսարանի օժանդակությամբ, անգամ նման միտք էին արտահայտել՝ այդ մի բանն էլ մեր ուսանողի համար մենք կանենք»:
Համալսարանը միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում Ռազմիկի ընտանիքին է նվիրել իրենց նախաձեռնությամբ տպագրված գրքի օրինակները: Իսկ համալսարանի ուսանողները, որոնք նահատակվել էին հանուն հայրենիքի, պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով, որոնք հանձնվել են նրանց ծնողներին: «Դրանք այլևս մեր կյանքում ոչինչ չեն փոխի, սակայն կարևոր է ուշադրությունը: Ես գնահատում եմ դա ու միշտ ամեն առիթով խոսում այդ մասին»,-ասում է տիկին Ալիսան: Ռազմիկը 2020 թ. հունվարի 15-ին զորակոչվում է զինծառայության Արցախ, ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանական զորամասում:
«Զինկոմիսարիատում իրեն ասել էին, որ նա որպես ուսանող զորակոչվողների ամենավերջին խմբում կլինի, որ հասցնի քննություններն ու ստուգարքները հանձնել: Ձմռան արձակուրդներին եկավ տուն: Հայրիկին (ի դեպ, ինքը նրան երբեք պապա չէր կոչում) ասել էր՝ «հա՛յր, ամսի 15-ին հավաք կա, զինկոմիսարիատ գնա, ասա, թող ինձ այդ օրը տանեն»: Հայրիկն արձագանքել էր՝ «տղա՛ ջան, մարդիկ ամեն ինչ անում են, որ օր հետաձգեն, ես գնամ ու ասեմ, որ իմ տղային տանեն բանակ, կմտածեն խելագար եմ»: Բայց Ռազմիկի հակադարձումը մեկն էր՝ շուտ գնամ, որ շուտ գամ: Երբեք չի տրտնջացել ծառայությունից: Անկեղծ կլինեմ՝ միշտ բացասական եմ վերաբերվել բանակին: Երբ իր զանգը մի փոքր ուշանում էր, սկսում էի անհանգստանալ, անգամ իրեն ասում էի՝ ուշ ես զանգում, ինձ թվում է, թե քեզ նեղացնում են, խնդիրներ ունես: Բայց Ռազմիկս այլ կերպ էր արձագանքում՝ եթե ուշ եմ զանգում, ուրեմն ընկերներիս հետ եմ, ասում, խոսում, ուրախանում ենք»:
Հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան մինչև գիշերը ժամը մեկը խոսել ենք, հետո ասաց՝ մա՛մ, անջատեմ, վաղը կիրակի է, հանգիստ կզրուցենք: Առավոտյան պատերազմը սկսվեց, Ռազմիկը զանգեց կեսօրին մոտ: «Մա՛մ, ի՞նչ կա», այնքան ուրախ ձայնով խոսեց: «Ռա՛զ, ո՞ւր ես, անհանգիստ եմ»: Իմ հարցին ի պատասխան ասաց, որ վախենալու բան չկա, դիրքեր են բարձրացել: Գիշերը նորից զանգեց, բայց արդեն մի քիչ տխուր էր, չնայած ասաց, որ լավ է»: Մայրիկը վերհիշում է՝ եթե Ռազմիկը երկու օր չէր զանգում, երրորդ օրը հաստատ զանգում էր: Վերջին զանգը հոկտեմբերի 7-ի կեսօրին էր: «Մա՛մ, մեր մասին ոչ մի բան չե՞ն ասում»: Սա առաջին հարցն էր: Հետո շատ երկար խոսեց եղբոր հետ: Կրակոցի ձայն էր լսվել: Եղբոր հարցին, թե դա ինչ է, ասել էր՝ Ռա՛ֆ, դու լավ գիտես, թե ինչ է: Երկար զրուցեցին, Ռազմիկն ասել էր, որ երբ թշնամին դիմացից է գալիս, դրանից այդքան վնաս չկա, հիմնական վտանգը օդից է, իսկ օդը փակել չեն կարողանում: Ռազմիկս գնդացրորդ էր: Երբ հարցնում էինք, թե ինչու ես ընտրել այդ զենքը, ասում էր՝ զենքերի աստվածն է, շատ եմ սիրում այն»: