«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Հայոց լեզվի 5-րդ դասարանի դասագրքի կազմը. նախկին դասագրքի կազմը փոփոխված է, եւ, Հայաստանի դրոշի փոխարեն, ադրբեջանական դրոշի գույներով է պատկերված կազմը:
Մեկ այլ առիթ են Հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք աղավաղում են հայկական դեմքն ու հարցականի տակ դնում հայի ով լինելը։ 2014 թվականի Հայոց պատմության դասագրքերում գրված էր. «…հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են»: Նոր՝ փոփոխված եւ նախարարության կողմից հաստատված դասագրքերում հայի ով լինելու մասին մի քանի տեսություններ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռուգյացի գաղութարարները»:
Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն դասագրքերի տպագրությունը ձախողելուց հետո փորձում է նոր չափորոշիչներով տպագրված գրքերում փոխել նաեւ հայերի ծագումնաբանությունը։ Նշենք նաեւ, որ, ըստ մեր աղբյուրների, դպրոցներում 5-րդ դասարանի ռուսերենի նոր դասագիրք չի լինելու, սակայն նախարարությունից առիթը բաց չեն թողնում ամեն անգամ նշելու, թե բոլոր դասագրքերը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մինչեւ սեպտեմբերի վերջ լինելու են։ Սեպտեմբերի գրեթե վերջն է, սակայն նախարարությունը չի էլ նկատում, որ նոր դասագրքերի տպագրությունն իսկապես ձախողված է։ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանրային բարձր քննարկման արժանացած թեմաների վերաբերյալ կանչում է բոլոր ՔՊ-ական պատասխանատու անձանց, բայց ոչ իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, կամ նրա տեղակալներից որեւէ մեկին:
Այդպես էլ Հանրայինը պատասխանատուներից չպահանջեց բացատրել, թե ինչու սեպտեմբերի կեսին նոր հասկանալի դարձավ, որ որոշ առարկաներ աշակերտները նախորդ տարիների գրքերով են սովորելու»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: