«Փաստ» օրաթերթը գրում է.
«Միշտ անուղղելի լավատես եմ եղել, բայց լավատեսությունը պիտի հիմք ունենա, հիմա այն շատ փխրուն է, չեմ ուզում խոստովանել, որ գրեթե չկա: Հաճախ ենք ասում, որ մեր խնդիրների պատճառը տգիտությունն է, հավելում եմ՝ նաև իրար չսիրելը: Իրար չենք սիրում, դադարել ենք ապրումակցել իրար, դադարել ենք մեկս մյուսի ցավով ապրել, դադարել ենք մեկս մյուսի ուրախությամբ ուրախանալ, չնայած վերջին շրջանում ուրախանալու առիթներ էլ կարծես չկան:
Ծնողներից շատերը մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքեցին դրան՝ ախր, մեր որդիները հանուն Արցախի զոհվեցին: Իհարկե, ոմանք այս խայծը հենց առաջին րոպեից հեռու վանեցին իրենցից: Բայց շատերի դեպքում հերթական սեպը խրվեց արցախցու ու հայաստանցու միջև: Ախր սա ի՞նչ բան է, ինչպե՞ս կարելի է մի բուռ մնացած հայրենիքում ու ժողովրդի մեջ նման տարանջատումների մասին խոսել: Օրինակ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե հայը որ մարզից է, եթե կարգին մարդ է, դրանով ամեն ինչ ասված է, եթե անհայրենիք ու սրբապիղծ է, ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի կամ Արցախի որ քաղաքից ու գյուղից է:
Այս տարանջատումը քանդեց մեր տունը, այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս, անհասկանալի ինքնավստահությամբ, մարտնչող տգիտությամբ առաջ ենք ընթանում դեպի ապագա, որն այնքան խավար ու անորոշ է, այդ ճանապարհին էլ ենք իրար ատում, աղմկում ու այդ աղմուկի մեջ չենք լսում ամենակարևորը...»: