«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեք քույրերի կրտսեր եղբայրն է Վարդանը: Նրա մասին զրուցել ենք կնոջ՝ Աննայի հետ: «Ծնունդով ես էլ եմ Վարդենիսից, ինչպես և Վարդանը, բայց երկար ժամանակ էր, ինչ քաղաքում էինք բնակվում: Այնպես ստացվեց, որ ամռանը եկել էի պապիկիս տուն, իրենք էլ հարևաններ էին: Ծանոթացանք, սիրահարվեցինք, ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:
Տեղափոխվում ենք պատերազմի օրեր: «Վարդանը մեկ ամսով գնացել էր դասերի՝ Արմավիր, վերադառնալուց հետո պետք է սերժանտի կոչում ստանար: Սեպտեմբերի 26-ի ժամը 11-12-ի կողմերը տղաներին հետ բերեցին Վարդենիս, բայց դեռ պատերազմի մասին խոսք չկար: Այդ գիշերը տանը քնեց, առավոտյան արդեն լսեցինք, որ Վարդենիսում խառը վիճակ է: Իրեն չէին կանչել, բայց գնաց՝ իմ վաշտը հիմա զորամասում է, ես ո՞նց չգնամ: Իհարկե, համոզում էինք իրեն, որ չգնա՝ դու մի ամիս տանը չես եղել, գոնե թող կանչեն, հետո գնա: Չհամաձայնեց՝ ես ազգի դավաճան չեմ: Շորերը հագավ ու գնաց, մեզ չլսեց, անգամ մեծ աղջկաս մնալու խնդրանքը մերժեց: Ինձ էլ ասաց՝ երեխեքին վերցրու ու գնա Երևան՝ ձերոնց տուն: Իրենից խոստում պահանջեցի՝ ամեն երկու ժամը մեկ պիտի զանգես, թեկուզ մեկ րոպե ձայնդ լսեմ, որ իմանանք՝ քո հետ ամեն ինչ նորմալ է: Երդվեց զանգել: Մի քանի օր քաղաքում էինք, հոկտեմբերի 1-ին արթնացա, սկեսուրիս ասացի՝ մա՛մ, սիրտս այնքան վատ է, արի գնանք գյուղ, բայց Վարդանին չասենք: Սկեսուրս էլ պատմեց՝ վատ երազ եմ տեսել:
Հասցրեցինք Վարդանի հետ խոսել, այդ ժամանակ Զոդում էր, մի երկու րոպե զրույցից հետո խոսքի մեջ ասաց՝ մեզ տարան վերև: Հարս ու սկեսուր մեր երեխաների հետ ճանապարհ ընկանք տուն: Տրանսպորտի մեջ էինք, նորից Վարդանը զանգեց, իրեն խաբել չէի կարող, ասացի, որ վերադառնում ենք տուն: Բարկացավ՝ լավ, գոնե գնացեք քրոջս տուն: Այդ օրը նաև մեր աղջիկների հետ խոսեց»: Նույն օրը երեկոյան Վարդանը նորից զանգում է Աննային՝ երկնքում ինչ-որ բան է երևում, ուղղությունը Վարդենիսի կողմն է, տանից դուրս չգաք: «Գիշերն անօդաչուն հարվածեց մի վայրի, որը մեզ մոտ չէր, բայց կրակը, բոցը տեսնում էինք: Առավոտյան զանգեց՝ հո չե՞ք վախեցել: Խոսեցինք, անջատեց, ժամը 8-ին զանգեց՝ երեխեքն արթո՞ւն են, ասացի չէ, արթնացնե՞մ: «Չէ, ժամը 11-ի կողմերը կզանգեմ»: Ժամը 11-ը մեզ համար չեկավ: Այնքան եմ փոշմանել, որ աղջիկներիս քնից չհանեցի: Երբ իր խոստացած ժամին չզանգեց, սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ հետո զանգեցի իր հրամանատարին, մի քանի անգամ անջատեց, այլ համարով զանգեցի, ձայնս լսեց ու անջատեց:
Այնքան մարդիկ էին ինձ զանգում, անգամ զարմանում էի, իսկ տալս հանգստացնում էր՝ մարդիկ անհանգստանում են: Կարողացա իր հրամանատարի հետ կապվել, ասաց, որ Վարդանը հացի է գնացել: Բայց լարված էի, չէի հանգստանում»: Րոպեներ անց Աննային ասում են, որ ամուսինը ծանր վիրավորվել է, Աննայի՝ հարազատներին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնում, ինչը նրա սրտում այլ կասկած է ծնում: Աննան հասնում է տուն և մեքենայից ոտքը դուրս դնելուց անմիջապես հասկանում է՝ Վարդանն էլ չկա… Աննան չի կարողանում ամուսնուն վերջին հրաժեշտը տալ, նրա դեմքը տեսնել, բայց գիտի, որ նա է եղել, ստացած վնասվածքը նրա մարմինն անասելի վնասած է եղել: Հետո Աննային հասնում են ամուսնու հեռախոսը, ժամացույցը, ամուսնական մատանին: «Կասկածներ ունեի, որ գուցե Վարդանը չէր, միգուցե դա նաև իմ հույսն էր, որ նա ողջ է: Բայց հրամանատարն ու զինակից ընկերներն իմ կասկածները փարատեցին»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: