Կարևոր իրադարձություններ

Լակմուսի թուղթ՝ բոլորի համար. «Փաստ»

23 Սեպտեմբեր, 2023 09:35
Լակմուսի թուղթ՝ բոլորի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության հարցը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մեր հայրենակիցների մի մասը, հնարավոր է, չնայած ուշ գիշերվան (ո՞ր նորմալ մարդն է հիմա կարողանում քնել), ուշադիր հետևում էր այդ նիստի ընթացքին, հնչող ելույթներին, տրվող գնահատականներին: Ասել, թե օտարների, այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցվող գնահատականներում շատ անակնկալներ կային, այնքան էլ ճիշտ չի լինի:

Օրինակ` Ռուսաստանի ներկայացուցիչն աշխատում էր որոշակի հավասարակշռություն պահել` թերևս ելնելով «խաղաղապահ առաքելություն» ունենալու կարգավիճակից, միաժամանակ խորհրդային քարոզչության հանգվույն՝ անընդհատ, հատուկ ընդգծելով իր ներկայացրած պետության ու նրա ղեկավարի դերակատարումը՝ տարածաշրջանում ռազմական գործողությունները 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ դադարեցնելու, եռակողմ հայտարարության, նաև այս օրերին կրակի դադարեցման հարցերում:
 
Արևմտյան տերությունների ներկայացուցիչները շեշտը դնում էին Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի գործողությունների, մարդկանց տարրական իրավունքների շարունակական ոտնահարումների անթույլատրելիության վրա, իսկ հանդիմանանքներն էլ ուղղված էին Ադրբեջանին: Հիմնականում այն առումով, որ անթույլատրելի բան են անում, և այդպես շարունակ: Այդ առումով կարելի է հիշատակել հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը խոսեց Արցախի հայությանը երաշխիքներ տրամադրելու մասին, նմանապես չմոռացավ Ադրբեջանին կոչ անել, որ անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները: Մեծ հաշվով, իսկապես էլ հնչեցված դիրքորոշումներում առանձնապես անակնկալ կամ անսպասելի բան չկար: Ամեն մեկը՝ իր շահին համահունչ արտահայտվեց:

Այդ համատեքստում Թուրքիայի ներկայացուցիչը, բնականաբար արդարացնելով Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության իրականացումը, չմոռացավ էլի «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակել՝ հասկացնելով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին հավաքված «միջազգային հանրությանը», որ այդ բոլոր ելույթներն իրենց համար նույնն են, ինչ գայլի գլխին Ավետարան կարդալը: Դա չափազանց պարզ ակնարկ էր չհասկանալու համար, որ Արցախում հայության բնաջնջումն իրականացնելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես հարձակվելու են Հայաստանի Հանրապետության վրա՝ «միջանցք բացելու» անվան տակ Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակադրմամբ: Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ԱԽ երեկվա հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ: Բանն այն է, որ դեռևս օգոստոսին Հայաստանի պահանջով արդեն հրավիրվել էր ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ՝ Արցախի խնդրով, կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախը կես տարուց ավելի շրջափակելու, այդպիսով հումանիտար աղետ ստեղծելու հարցով: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը որևէ հետևության չհանգեց:

Ու այդպիսով ստացվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսյան նիստը գործնականում լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի հայության դեմ ծավալած ցեղասպանական բնույթի հարձակումը, որին ադրբեջանական թուրքերը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ են հրամցնում միջազգային հանրությանը: Եվ երեկ, ահա, «պոստ ֆակտում» հավաքվել էր նույն «միջազգային հանրությունը» և մեկումեջ սրտաճմլիկ ելույթներ էր ունենում ցեղասպանության ենթարկվող հայերի, Ադրբեջանի կողմից «ռազմական գործողությունների» անթույլատրելիության մասին, գեղեցիկ, գուցե շատերի համար սրտաշահ բաներ էր ասում մարդու իրավունքների, կյանքի երաշխիքների վերաբերյալ: Ինչևէ: Դա երկդիմի պահվածքի ու «կռվից հետո բռունցքներ ճոճելու» տպավորություն էր թողնում, իսկ առանձին ելույթներից ուղղակիորեն նավթի հոտ էր փչում: Դե, «միջազգային հանրության» համար, մեծ հաշվով, ադրբեջանական նավթը, սեփական շահերը շատ ավելի թանկ են, քան հայ երեխաների արյունը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին