«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ավելի քան 30 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակահատված, որ Արցախը լիովին դիտարկվի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ միշտ խոսվել է հիմնախնդրի խաղաղ ու փոխզիջումային հանգուցալուծման մասին։ Իսկ միջնորդների կողմից ընդունելի են եղել Արցախյան հակամարտության կարգավորման հետևյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում։ Այս մոտեցումներից ելնելով էլ՝ միջնորդների կողմից ժամանակի ընթացքում հակամարտության կարգավորման առանձին տարբերակներ են առաջարկվել։
Իսկ այդ տարբերակներում միշտ բարձրացվել է Արցախի կարգավիճակի թեման։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը, հասկանալով, որ Արցախյան հակամարտության միակողմանի լուծում չի լինելու, անընդհատ իր դժգոհությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձել է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո փորձել է այնպես անել, որ հանկարծ համանախագահության ֆորմատը չսկսի գործել։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե Մինսկի խումբը մեռած է, և այն վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար։ Միևնույն ժամանակ, միշտ էլ ադրբեջանական տրամաբանության մեջ է տեղավորվել Թուրքիայի ընդգրկումը հակամարտության կարգավորման գործընթացում»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: