Այսօր կեսօրից սկսած Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտն ու հարակից շրջանները: Ինչպես Shabat.am-ին փոխանցեցին Արցախից, թշնամին շարունակում է հրետակոծել Արցախը:
«Այս պահին մայրաքաղաք Ստեփանակերտում օդային տագնապ է: Բոլորս նկուղներում ենք: Թշնամին չորս կողմից ռմբակոծում է»,-մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ում հետ խոսելու ընթացքում կապն ընդատվեց:
Արցախում հարազատներ ունեցող երևանաբնակներն էլ չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ:
Արցախի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերն են: Արցախից ստացված տեղեկությունների համաձայն` թշնամին թիրախավորել է «Արցախ» ՓԲԸ-ի ռադիոէլեկտրոնային գունդը:
Ինչպես փոխանցում է Երևանում Արցախի ներկայացուցչությունը, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այս պահին ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքներ ու գյուղեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ ադրբեջանական բանակը սկսել է տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ տարածաշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, հայկական զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու ադրբեջանական տարածքներից դուրսբերումը ապահովելու, ԼՂ զինվորականները չեզոքացնելու նպատակով: