Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են Ավան վարչական շրջանում գործող «Ալադդին» մասնավոր մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցը հարվածում իրենց սանին: Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, մանկապարտեզի սանի ծնողից հաղորդում է ստացվել մանկապարտեզի աշխատակիցների կողմից իր մանկահասակ երեխային հարվածելու և նրա հասցեին որոշակի ոչ պատշաճ արտահայտություններ թույլ տալու վերաբերյալ։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով։ Նախաքննություն է կատարվում հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումների առկայությունը պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասաց ՔԿ խոսնակը։
Աբրահամյանի փոխանցմամբ` վերցվել են մանկապարտեզի ներքին տեսաձայնագրող սարքերի պարունակությունը, կատարվել են հարցաքննություններ։ Ակտիվ նախաքննությունը շարունակվում է։