Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով գործընկերների հետ գտնվում է Քուվեյթում, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ միտված ԵՊՀ համագործակցային առկա կապերի զարգացմանն ու նոր հարաբերությունների հաստատմանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:
«Այցի շրջանակում այսօր եղել ենք Քուվեյթի համալսարանում, հանդիպել ռեկտորի՝ պրոֆեսոր Ֆայեզ Մանշար Ալ-Դուֆիրիի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները։
Այսօր հանդիպել ենք նաև Քուվեյթի համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի տնօրենի՝ դոկտոր Խալիդ Ալ-Ֆադլիի հետ, խոսել ԵՊՀ-ում արաբագիտության դասավանդման, ոլորտում արձանագրած հաջողությունների և երկկողմ գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի, այդ թվում` ուսանողների փոխանակման ծրագրերի մասին։
Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումները մոտ ապագայում արձանագրելու են տեսանելի արդյունքներ՝ նպաստելով մեր բուհի զարգացմանն ու միջազգայնացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում Քուվեյթում ՀՀ դեսպանությանը՝ հանձին դեսպան Սարմեն Բաղդասարյանի՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ։