Կարևոր իրադարձություններ

«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

14 Սեպտեմբեր, 2023 09:43
«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

 

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

 
 
 

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

 

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին