Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք կասկածի տակ չի դնում ՀՀ-ի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին

09 Հունիս, 2023 15:22
Ոչ ոք կասկածի տակ չի դնում ՀՀ-ի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքներն՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

«Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները տևել են ինը ժամ։

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության բարձր մակարդակի վրա է, կան երկու-երեք հակասություններ, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն, նաև այն հարցերի շուրջ, թե որտեղ կանցնի երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու ապրանքների մաքսային հսկողությունը», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ բոլոր կողմերը հակված են «արագ մեկնարկին»: Հստակեցնող հարցին՝ արդյոք քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանել է.

«Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից»։

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։

Մոսկվայում աշխատանքային խմբի նիստից հետո Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման գործում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին