Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված սեզոնային մրգերի արտահանման նվազումը. մեկնաբանում է մասնագետը

09 Հունիս, 2023 14:11
Ինչով է պայմանավորված սեզոնային մրգերի արտահանման նվազումը. մեկնաբանում է մասնագետը

Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են սեզոնային մրգերի գներն ու արտահանման քանակները: Մասնագետների բնորոշմամբ՝ այն հիմնականում պայմանավորված է փոխարժեքի, մասնավորապես, ռուբլու արժեզրկմամբ և դրամի արժևորմամբ:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, արդեն ասվել էր, որ այս տարի պտղի վիճակը ծանր է լինելու: Ճիշտ է, որոշ պտուղների` օրինակ, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մասով հաջողություններ կունենանք, սակայն պտղատու այգիների համար նույնն ասել չենք կարող, որովհետև առկա խնդիրներին ու խոչընդոտներին գումարվել են նաև մի շարք հիվանդություններ:

«Փոշոտման մասով ևս խնդիրներ ունենք, որն էլ, թերևս, ամենակարևոր գործոններից է: Բազմիցս այս մասին խոսել եմ, սակայն տարիներ շարունակ անտեսվել է այն հանգամանքը, որ որակյալ միրգ ունենալու համար փոշոտման վրա առավել շատ ուշադրություն պետք է դարձնենք: Այսքան ժամանակ ոչինչ չի արվել, անգամ հույս էլ չունեմ, որ որևէ բան առաջիկայում կարվի. միայն գրանտներով խնդիրները չեն լուծվում: Համենյան դեպս, հույս ունեմ, որ գյուղացու համար մի օր իրավիճակը կլավանա, ու գյուղական բնակավայրերից գոհունակության խոսքեր կլսենք»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ զարմանալի է, թե վերջին շրջանում ինչու են այդքան շատ խոսում ջրի սակավության մասին, երբ իրականում հակառակ պատկերն ունենք: Ասում է՝ այս տարի բավարար չափով անձրևների քանակ կա:

«Եթե ջրամբարները չլցվեն և լեփ-լեցուն չլինեն, ուրեմն ամեն բան արհեստական է արվել, որն էլ իր հերթին լուրջ հետազոտությունների կարիք ունի: Հէկ-երի հարցն էլ, կարծես թե, չի լուծվում, հավանաբար Սևանից միտումնավոր ջուր կվերցնեն»,- նկատում է մասնագետը:

Բերբերյանի փոխանցմամբ՝ այս տարի նաև արտահանման խնդիր ունենք: Ինչպես հայտնի է, բեռնափոխադրման մասով մեր գործընկերները մեծապես Ռուսաստանն ու Վրաստանն են եղել ու կան, սակայն այս տարի այս մասով էլ առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

«Ոլորտի բարձիթողի վիճակը բերելու է բացասական արդյունքների, այսինքն՝ այս տեմպերը լավ բանի չեն հանգեցնի: Լրջորեն  պետք է աշխատել այս մասով: Ի վերջո, մաքսային համակարգն այսօր վատ է աշխատում, մաքսազերծումն էլ ուշ է լինում. այսպես չի կարելի»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Փորձագետի հավաստմամբ՝ այս մասով գյուղացիները մի շարք դժգոհություններ ունեն: Ի վերջո, ինչու պետք է գյուղացին մաքսազերծման համար տևական ժամանակ սպասի:

«Վատն այն է, որ իրականում ամեն բան ավելի է վատացել, շատ գործընթացներ տեղի են ունենում ի վնաս գյուղացու, երբ պետք է հակառակ գործընթացը լիներ: Դե իհարկե, դրա վրա ազդում են նաև արտաքին գործոնները, ինչպես արդեն նշեցի, օրինակ, փոխարժեքի տատանումները, սակայն ամեն բան պետք է անել, որպեսզի ոլորտը կարգավորվի, հակառակ դեպքում, մեղմ ասած, հուսադրող արդյունքներ չենք ունենա»,- շեշտում է Բերբերյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին