Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենին

09 Հունիս, 2023 10:47
 Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 8-ին, ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությունը, անդրադարձել ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող զեկույցներին:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության ու գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները:
Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
Անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին, Ջոն Ալելոն շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ:
Առաքելության տնօրենը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները:

Կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին