Կարևոր իրադարձություններ

Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների կիզակետում Հայաստանն է. ինչպես այն կանդրադառնա ՀՀ-ի վրա. պարզաբանում է փորձագետը

08 Հունիս, 2023 18:17
Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների կիզակետում Հայաստանն է. ինչպես այն կանդրադառնա ՀՀ-ի վրա. պարզաբանում է փորձագետը

Ադրբեջան-Իրան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են դիվանագիտական «կրակոցները», որոնք, մասնագետների բնորոշմամբ, կարող են վերջնարդյունքում տանել զենքերի կրակոցների: Սրան զուգահեռ, այս երկու պետությունների կիզակետում Հայաստանն է:

Իսկ ինչպես կանդրադառնան այս գործողությունները հայկական կողմի վրա: Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է իրանագետ Ժաննա Վարդանյանը, եթե ուշադրություն դարձնենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության զարգացման դինամիկային, կարող ենք նկատել, որ վերջին շրջանում, համեմատած նախորդ ամիսների, կա որոշակիորեն լարվածության թուլացում, սակայն, միևնույն ժամանակ, լարվածությունը կա ու շարունակվում է, այն էլ՝ Ադրբեջանի պատճառով: «Բանն այն է, որ հիմնականում հենց Ադրբեջանն է լարվածություն հրահրողը, սակայն սրա զուգահեռ չեմ կարծում, որ բանը կարող է հասնել ռազմական հակամարտության. դրանում շահագրգռված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը: Նկատելի է նաև, որ հենց Իրանի կողմից են բազմիցս լինում շատ ավելի զուսպ հայտարարություններ, որոնք միտված են իրավիճակը մեղմելու, քան Ադրբեջանի:

Չնայած նրան, որ Ադրբեջանն է այս մասով լարվածություն ստեղծողը, մեկ է` իր առջև դրված առաջնային խնդիրներից են Հայաստանն ու Արցախը, որոնց վրա էլ ծառայացնելու է իր ռեսուրսները։ Երբ իր խնդիրներն այս ուղղություններով լուծված համարի, հնարավոր է, որ Իրանը դառնա հաջորդ թիրախը»,- նկատում է նա: Վերջինիս խոսքով՝ ներկայումս Իրանի դեմ պայքարն առավելապես քարոզչական դաշտում է, և ռազմական բախման հեռանկար դեռևս չկա: Նշենք նաև, որ շատերը Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարումը համարում են նաև հնարավորություն Հայաստանի համար, սակայն այս պարագայում պետք է ֆիքսենք, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան և ունենան սեփական օրակարգը, անկախ նրանից, թե Իրան-Ադրբեջան հարաբերություններն ինչ բնույթով կընթանան: «Սա նշանակում է, որ լուրջ աշխատանքներ պետք է տանենք իրանական կողմի հետ մեր ունեցած հարաբերությունների զարգացման ուղղությամբ և մյուս կողմից էլ հասկանանք, թե ինչը պատճառ դարձավ Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրման համար: Ճիշտ է, այս երկու երկրների հարաբերությունները խնդրահարույց են և իրենց դրսևորումներն են ունեցել վերջին 30 տարիների ընթացքում լարվածության տարբեր շրջափուլերի տեսքով, սակայն կոնկրետ վերջին տարիների լարվածության խթան հանդիսացել են ադրբեջանական կողմի գործողություններն ու «Զանգեզուր-ի միջանցք» կոչված ծրագրի առաջ մղումը և, քանի որ Իրանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան, վերջինս էլ հանդիսացել է վերոնշյալ 2 պետությունների հարաբերությունների սրման պատճառ:

Սա նշանակում է, որ այս ամենն անմիջականորեն կապված է մեզ հետ, և կարող է մեզ վրա ևս ազդեցությունն ունենալ, քանի որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ չափով փոխել Իրանի դիրքորոշումը»,- ասում է իրանագետը: Վարդանյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվություններն էլ առ այն, թե հայկական կողմը սահմանային միջադեպերի նախաձեռնող, սադրող և հրահրողն է, իրականությունը ճիշտ հակառակն է , այսինքն՝ հենց Ադրբեջանն է դրա հեղինակը: «Պարզապես քարոզչական դաշտում աշխատելով` շատ արագ իրենք կարողանում են մեղքը գցել հայկական կողմի վրա և իրենց հանրությանը ցույց տալ, թե իբր հայերն են նախահարձակ եղել կամ սադրանքի դիմել: Սա, թերևս, հատուկ մշակված քարոզչական հնարք է, որն Ադրբեջանը կիրառել է նաև նախքան 44- օրյա պատերազմը»,- նշում է փորձագետը:

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին