Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ. Գրիգոր Մինասյան

08 Հունիս, 2023 12:25
Անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ. Գրիգոր Մինասյան

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ ՀՀ որոշ մարզերում կներդրվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ։

«Անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելությունը, համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:

Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերով, կհաշվառվեն, կբացատրվեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,- ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ըստ հիմնավորման՝ Պրոբացիայի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Երևան քաղաքում, ՀՀ մարզային 27 գրասենյակներում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոնում (ք. Արարատ): Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ, ինչպես նաև՝ նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված, մասնավորապես, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը, ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն, անվտանգության միջոցներ՝ որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու ապահովումը:

Պրոբացիայի ծառայության մարզային մարմինները տեղակայված են մարզկենտրոններում, սակայն ծառայություն են իրականացնում ամբողջ մարզի տարածքում։ Նշվածով պայմանավորված՝ շատ հաճախ պրոբացիայի շահառուի՝ օրենքով վերապահված պարտավորությունների իրականացման համար ծառայության մարզային մարմին ներկայանալն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ պրոբացիայի շահառուի կամքից անկախ՝ աշխատանքային պայմաններից և/կամ սոցիալական դրությունից ելնելով։

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ վերոնշյալ խնդիրներից խուսափելու, միևնույն ժամանակ ծառայության գրասենյակների օպտիմալացման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն համապատասխան գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների ընդունելությունը, համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները: Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն՝ պատժի կամ վերահսկողության վերաբերյալ, ինչպես նաև կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, ինչը կնպաստի Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը։

Շարժական տրանսպորտային գրասենյակների ներդրմամբ կիրականացվի նաև ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացված կառավարում, մասնավորապես՝ այն քաղաքների գրասենյակները, որոնք սպասարկում են քիչ թվով շահառուներ կփակվեն և դրանց ռեսուրսը կկենտրոնացվի մարզային մարմինների կենտրոնական գրասենյակներում:  

Նախատեսվում է փակել ինը գրասենյակ: Եվս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենայի ձեռքբերումը կնպաստի նոր ստեղծված մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը և նպատակների արդյունավետ իրականացմանը, ավելի շատ թվով շահառուների ներգրավմանը կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին: Ավտոմեքենան կծառայի շահառուներին Երևան քաղաքից և այլ մարզերից Կենտրոն (տեղակայված է Արարատի մարզի Արարատ քաղաքում) փոխադրելու, պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերականգնողական ծրագրերի շրջանակում տարբեր կրթական և մշակութային հաստատություններ այցելելու, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված՝ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործառույթներն արդյունավետ իրականացման համար:

Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է 85,000.0 հազ․ դրամ գումարի չափով ավելացնել Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները։

 

Լրահոս

Դիտել ավելին