Կարևոր իրադարձություններ

«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը». «Փաստ»

08 Հունիս, 2023 09:37
«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունն օրերս ընդունել է մի որոշում, որով հաստատվել է ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքից տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը։ Մայիսի 26-ի որոշմամբ «զգայուն ապրանքների» շարքին են դասվել մեքենաները, հեռուստատեսային խցիկները, թվային խցիկները, մի շարք սարքավորումներ, որոնք այս շրջանում սովորաբար ՀՀ-ից վերաարտահանվում էին հենց Ռուսաստանի Դաշնություն, քանի որ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն դրանք այլ երկրներից ուղիղ արտահանում իրականացնելու հնարավորություն չունի։ Կան տեսակետներ, որ այս որոշմամբ անուղղակիորեն կարող է արգելվել մի շարք ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Հիշեցնենք, որ մինչ այս հայկական մի շարք ընկերություններ արդեն հայտնվել են արևմտյան պատժամիջոցների տակ։ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ըստ էության, իրավիճակից օգտվելով հանդերձ՝ Հայաստանը փորձում է զերծ մնալ պատժամիջոցներից։

«Սա վերոնշյալ պատժամիջոցների պատասխանն է, որովհետև այս դեպքում ՀՀ կառավարությունը պարտավոր է նման որոշումներ կայացնել։ Այլ հարց է, թե այդ որոշումը որքանով կիրագործվի։ Ըստ իս՝ ոչ 100 տոկոսով, ինչպես սովորաբար է լինում. եթե հետևող չկա, մեզ մոտ որոշումները կա՛մ մնում են թղթի վրա, կա՛մ մասնակի են կատարվում։ Համենայն դեպս, այս որոշումն ազդելու է վերաարտահանման թվի վրա. կրճատում, մեծ հաշվով կլինի, բայց վերաարտահանումը չի դադարի։ Սա, երևի, այն վճարն է, որ Հայաստանը տալու է պատժամիջոցների տակ չընկնելու դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին։ «Կարծում եմ՝ ազնիվ կլինի որոշմանը մոտենալ ոչ ավելի խիստ, քան մոտենում էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Այսինքն, ինչքան էլ թուրքական ապրանքներն արգելված էին, դրանց հոսքը ՀՀ թուլացել էր, բայց, ամեն դեպքում, չէր դադարել։ Ես, օրինակ՝ շատ վատ կվերաբերվեմ այն երևույթին, որ այս որոշումից հետո ավելի խիստ մոտեցում ցուցաբերվի, քան ժամանակին թուրքական ապրանքի արգելքի վերահսկողությունն էր»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խոսքը տնտեսական դիվանագիտության մասին է։

«Ըստ ձևի, մենք այդ որոշումները չենք կարող չկայացնել, բայց, ըստ բովանդակության, հաստատ ավելի խիստ չպետք է լինել, քան 2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո թուրքական ապրանքների ներմուծման արգելքի դեպքում էր»,-ասաց նա։

Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ Էմիլ Ստեփանյանն այս համատեքստում հավելեց. «Առհասարակ, վատ եմ վերաբերվում վերաարտահանմանն այն իմաստով, որ այդ համատեքստում չի խոսվում իրական արտահանման մասին։ Իսկ իրական արտահանումը Հայաստանում կա՛մ չի աճել, կա՛մ չնչին աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ պատրաստի արտադրանքի արտահանումը նվազել է։ Ու քանի որ, ինչպես հասկանում եմ, էկոնոմիկայի նախարարությանը չի հետաքրքրում, թե Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումը իրականում որքանով է աճել, գերադասում են խոսել երկնիշ և եռանիշ թվերով փուչ արտահանման մասին։ Սա է պատճառը, որ եթե վերաարտահանման թիվն անգամ այս որոշումից հետո կրճատվի, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու։ Եթե մինչ այդ վերաարտահանման ցուցանիշը «շատ ընտիր» էր, հիմա կդառնա ուղղակի «լավ»»։

Նրա խոսքով, իրական արտահանման ցուցանիշները մեզ մոտ աղավաղվել են։ «Վիճակագրության մեջ արտահանման ցուցանիշում վերաարտահանման ցուցանիշն առանձնացված չէ։ Սա խայտառակություն է, ամոթ։ Վերաարտահանումը կարելի է առանձին չներկայացնել, երբ զգալի տոկոս չի կազմում։ Այսինքն, այն ժամանակ, երբ վերաարտահանումն այնքան չնչին է, որ պատկեր չի փոխվում։ Օրինակ՝ քաղցրավենիքի արտահանման որոշակի քանակ կա, որը մենք ներմուծում ենք ՌԴ-ից և ուղարկում ենք Իրան։ Դա մեծ տոկոս չի կազմում ու պատկեր չի աղավաղում։ Մինչդեռ այսօր մեզ մոտ վերաարտահանումը լիովին աղավաղում է արտահանման պատկերը, բայց պետական պաշտոնյաներն էլի չեն պահանջում, որ իրական արտահանումը վերաարտահանումից առանձին դիտարկվի։ Կարծում եմ՝ PR պատճառներ կան, քանի որ նրանք չեն ուզում հրապարակել իրական արտահանման պատկերը՝ առանձնացնելով այն վերաարտահանումից։ Խոսքը Domestic exports-ի մասին է, որը Հայաստանը չունի. սա կա՛մ դիտավորյալ է արվում, կա՛մ թափթփված աշխատանքի հետևանք է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանային երկրներից, օրինակ՝ Վրաստանը հայտարարում է, թե արտահանման մեջ որքան է կազմում վերաարտահանումը։

«Թեպետ Հայաստանում խայտառակ իրավիճակ է ու վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը, մեզ մոտ գերադասում են «խփել դոշին» ու ասել՝ «տեսե՛ք, երկնիշ, եռանիշ, կրկնակի արտահանման աճ ունենք»։ Նման մոտեցումն ամոթ է, որովհետև եթե իրական թվերը ցույց տան, իրենք էլ կսարսափեն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ արդեն երրորդ տարին գյուղատնտեսությունը նվազել է, ամենավերջին ոլորտը մեզ մոտ արդյունաբերությունն է։ Եթե չնչին, կարելի է ասել՝ 0-ին մոտ թվեր են, գյուղատնտեսությունը՝ մինուս, արտահանման ի՞նչ 90, 100 տոկոս աճերի մասին են խոսում ու ուրախանում՝ ասելով՝ «տեսեք՝ ինչ լավ ենք աշխատում»։ Եթե չես արտադրել կամ չես աճեցրել, ի՞նչն ես արտահանել։ Մասնագետները փաստում են, որ Հայաստանում տնտեսական բում չկա, այլ կա տնտեսական ոչ թե շուրջ 12, այլ 6-7 տոկոս աճ։ Մնացածը բախտի բան է. պարզապես«ճիշտ ժամանակին ճիշտ տեղում» ենք հայտնվել։ Մինդեռ ոչ ոք իրականության մասին չի խոսում, քանի որ այսպես շահավետ է, այսպես հեշտ է ասել, որ ամենալավ աշխատողն են։ Իսկ երբ խոսում ենք մինուսի մասին, փորձում են վիճակագրություն փնտրել՝ պարզապես արդարացնելու մինուսները»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին