Կարևոր իրադարձություններ

«Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». փոխգնդապետ Սեյրան Սարյանն առաջին կամավորներից էր. «Փաստ»

08 Հունիս, 2023 09:05
«Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». փոխգնդապետ Սեյրան Սարյանն առաջին կամավորներից էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սեյրանն ընտանիքի ինը զավակներից մեկն է: «Վեց քույր և երեք եղբայր ենք: Սեյրանը միջնեկ եղբայրս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նազենին՝ Սեյրան Սարյանի քույրը, ում մասին այսօր պատմելու ենք: Չէի կարող չարձագանքել տիկին Նազենիին՝ ինչ հարուստ եք դուք: Բազմազավակ ընտանիքները միշտ հենց այսպիսի յուրահատուկ զգացողություն են առաջացնում:

Սեյրանը և նրա մեծ ընտանիքը ծնունդով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են. «Հադրութում էինք ապրում: Իսկ պատերազմից հետո Ստեփանակերտ ենք տեղափոխվել, բոլորս էլ՝ քույրերս ու եղբայրներս իրենց ընտանիքների հետ շարունակում ենք ապրել Արցախում»: Սեյրանի մասին խոսելիս Նազենին նրա ընկերասիրությունն է նշում, ընտանիքին նվիրվածությունը: Սեյրանը երեք որդի ունի: «Այնքան շատ դրական կողմեր ունի, չեմ էլ կարող առանձնացնել դրանցից մի քանիսը: Մինչև հիմա էլ իրեն ճանաչած մարդիկ այնքան սիրով են իր մասին խոսում: Բոլորն իրեն որպես շատ լավ մարդ ու զինվորական են հիշում, նա հրաշալի տիրապետում էր զինվորական գործին»:

2020 թ. պատերազմին Սեյրանը կամավոր մեկնեց ռազմի դաշտ: «Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձավ տուն: Այդ ժամանակ արդեն Արցախյան շարժումն էր սկսվել: Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Պատերազմն ավարտվեց, ձևավորվեց Արցախի պաշտ պ ա նու թյան բա ն ա կ ը , և հ ե ն ց սկզբնական ժամանակաշրջանում Սեյրանը համալրեց դրա շարքերը: Գյուղից տեղափոխվեց Հադրութ քաղաք, որտեղ էլ արդեն ամուսնացավ, ընտանիք կազմեց: Եղբայրս 25 տարի ծառայել է ՊԲ-ում, այնուհետև փոխգնդապետի կոչումով թոշակի անցել: Թե՛ Ապրիլ յան, թե՛ 44-օրյա պատերազմներին նա կամավոր է մեկնել, չէինք էլ կասկածում, որ գնալու է: Հայրենասեր էր, ինքը չէր կարող ուղղակի չմեկնել կամ էլ ծանուցագրի սպասել: Մեր մայրիկը պատմում է, որ դեռ պատանեկության տարիներին Սեյրանն անհամբեր սպասել է, որ մեկնի ծառայության: Ապրիլ յան պատերազմի ժամանակ նա գործի բերումով ՌԴ-ում էր, անմիջապես վերադարձավ, բարձրացավ դիրքեր, ուրիշ կերպ չէր կարող: Երբ ամեն ինչ խաղաղվեց, էլ Ռուսաստան չմեկնեց»:

44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից Սեյրանը Կարախամբեյլի կոչվող տեղամասում էր: «Ծառայել էր այդ հատվածում, այնտեղ ամեն անկյանը ծանոթ էր: Ականատեսներն այնքան բաներ են պատմում իր մասին, թե ինչպես է մարտերը վարել, հակառակորդի տանկերի ընթացքն է կանգնեցրել, կյանքեր փրկել: Տեսանյութեր կան, որոնք, սակայն, դեռ մեզ չեն հասել: Պատերազմի օրերին մեզ հետ կապի մեջ էր, հույս ունեինք, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ ընթացքում մենք Երևան տեղափոխվեցինք, իսկ հետո ես արդեն իրեն վիրավոր եմ տեսել»: Հոկտեմբերի 5-ին Սեյրանը հրազենային վիրավորում է ստանում, Արցախում նրան վիրահատում են, այնուհետև տեղափոխում Հայաստան: Երևանում նրան երկրորդ անգամ են վիրահատում, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Մահանում է հիվանդանոցում՝ հոկտեմբերի 7-ին:

«Սեյրանի մարմինը հոկտեմբերի 9-ին տեղափոխեցինք Հադրութ, որն այն ժամանակ դեռ օկուպացված չէր, գյուղում հուղարկավորեցինք: Բայց հետո ստիպված էինք տեղափոխել, վերահուղարկավորել Եռաբլուրում: Իսկ հիմա, ցավոք, Արցախի շրջափակման պատճառով չենք կարողանում իրեն այցի գալ»: Ընտանիքին ուժ տվողը Սեյրանի որդիներն են, նաև այն հույսը, որ տղաների զոհողությունն իզուր չի լինելու: «Իր որդիները իր մի պատառիկն են, նրանք մեզ ուժ են տալիս կյանքը շարունակելու, մեր մայրիկն է մեզ ուժ տալիս, նա բոլորել է իր կյանքի 9 տասնամյակը: Սեյրանի տղաներից երկուսը շարունակում են հայրիկի ուղին»:

 

Հ. Գ. - Սեյրան Սարյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգևատրվել է այլ մեդալներով ևս: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին