Կարևոր իրադարձություններ

Նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի բարձր գի՞ն. ինչ կտա էներգաբլոկի կառուցումը. պարզաբանում է փորձագետը

07 Հունիս, 2023 16:44
Նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի բարձր գի՞ն. ինչ կտա էներգաբլոկի կառուցումը. պարզաբանում է փորձագետը

Հայաստանում 2025 թվականի սկզբին նախատեսում են սկսել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ կիրականացնի և երկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմին կներկայացնի խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։

Հետևաբար մեկ տարվա ընթացքում պետք է մշակել հատուկ ճանապարհային քարտեզ՝ վերջանական որոշում կայացնելով ռեակտորի տիպի և այլ տեխնիկական պարամետրերի մասով։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը, թերևս, այս ծրագիրն այդքան էլ իրատեսական չէ և քիչ հավանականություն կա, որ այն մոտ ապագայում կիրագործվի: Այս մասով, ճիշտ է, խոսակցություններ շատ կան, սակայն որևէ պայմանագրի կնքման մասով դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Իհարկե, լավ կլինի, որ նոր ատոմային էներգիաբլոկ կառուցվի, սակայն բանն այն է, որ ես դրան չեմ հավատում: Նախ պետք է հասկանանք, թե ինչ ռեակտորի  մասին է խոսքը, քանի որ 1000-1200 հզորությամբ հենց ռուսական վիներներն են, որոնք Հայաստանի համար շատ ավելի մեծ հզորություն են իրենցից ենթադրում: Պատճառն այն է, որ այդ պարագայում նման էներգիայով ռեակտորը կգրավի Հայաստանի էլեկտրաէներգիական շուկայի 80-90 տոկոսը՝ առաջացնելով մի շարք խնդիրներ: Փաստն այն է, որ իրականում ոչ մի փաստաթուղթ չկա, դեռևս միայն ցանկություններ ու խոսակցություններ են»,- նկատում է Մանվելյանը:

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի համար նախատեսված էներգաբլոկի հզորությունը պետք է լինի ոչ ավելի, քան 500-600 մեգավատ, քանի որ մեր էլեկտրաէներգիայի շուկան մեծ չէ ու տարեկան ունի վերոնշյալ թվային պահանջարկը:

«Ներկայիս գործող ռեակտորը 400-420 մեգավատ է: Մաքսիմալ աստիճանը ՀՀ-ի համար 600 մեգավատանոնց է: Ռուսներն այս մասով մի շարք  նման ծրագրեր ունեն, էներգիաբլոկներ ևս կառուցում են, սակայն դա նրանց մոտ դեռևս փորձնական փուլում է: Նույն աշխատանքներն իրականացվում են նաև Չինաստանում, սակայն դեռ պարզ չէ Հայաստանում էլ կանեն, թե ոչ: Կախված է նրանից` ինչ արդյունքներ կլինեն: Հաշվի առնենք, որ էներգաբլոկի կառուցումը ՀՀ-ում քիչ հավանական է նաև այն պատճառով, որ թանկ է` շուրջ 5 մլրդ դոլար»,- ասում է փորձագետը:

Մանվելյանի դիտարկմամբ՝ ատոմակայանն առաջին հերթին էներգիայի աղբյուր է, որն ամենակարևորներից մեկն է մեզ համար: Մենք ունենք նաև միջուկային մասնագետների դպրոց, որը միակն է տարածաշրջանում:

«Եթե ռեակտրը Հայաստանում փակվի, կկորցնենք դպրոցը, իսկ հակառակ պարագայում կզարգացնենք այն՝ գրանցելով նոր արդյունքներ: Հաշվի առնենք, որ մեծ ռեակտորի կառուցումն իրենից մեծ գումարներ է ենթադրում, հետևաբար դրա կառուցումից հետո հնարավոր է ստիպված բարձրացնեն էլեկտրաէներգիայի գինը՝ այսպես ասած, ծախսերի փակման նպատակով: Կարծում եմ՝ ֆինանսապես էլ պատրաստ չենք այս ծրագրի իրագործմանը: Կարճ ասած, նոր ատոմային էներգաբլոկի իրագործումը քիչ իրատեսական երևույթ է»,- նշում է էներգետիկը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին