Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

07 Հունիս, 2023 14:38
ԲՏԱ նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան իր հերթին պատմել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման գործում նորարարության դերակատարման մասին: Նա շեշտել է, որ ներկայացված զեկույցը հայ փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:

Օլգա Ալգայերովան նշել է, որ բարձր են գնահատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործընկերությունը, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Անդրադարձել է եղել նորարարության վիճակագրության մեթոդաբանության բարելավմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հայկական սփյուռքի հնարավոր ներգրավմանը՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նորարարությունը խթանելու նպատակով:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը քննարկված հարցերի առաջմղման ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին