Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունները անվտանգային խնդիր են առաջացրել երեխաների համար, խոչընդոտել նրանց կրթության իրավունքը

07 Հունիս, 2023 12:36
Ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունները անվտանգային խնդիր են առաջացրել երեխաների համար, խոչընդոտել նրանց կրթության իրավունքը

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանն ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց էր հրապարակել:

Զեկույցի 56-րդ կետը վերաբերում էր երեխաների իրավունքներին, մասնավորապես, նրանց կրթությանը: Ինչպես արձանագրել է պաշտպանը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակական ագրեսիվ վարքագիծն ուղղակիորեն ազդում է երեխաների բնականոն կյանքի, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքներով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, ՄԻՊ-ն այս մասով վերոնշյալ սահմանամերձ բնակավայրերում մոնիտորինգ է անցկացրել՝ հասկանալու տեղում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, վերհանելու ու դրանց ուղղությամբ լուծման եղանակներ մշակելու և գտնելու:

«Մենք Տեղ համայնքում, Վերին և Ներքին Շորժայում, Կութում, Նորաբակում, Սոթքում և Կուտականում արված աշխատանքների արդյունքում արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ, որոնց հիմնական պատճառը կապված է ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայումների և նրանց ագրեսիվ գործողությունների հետ:

Երեխաների իրավունքների մասով Տեղ համայնքում արձանագրեցինք, որ հատկապես 2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զինտեխնիկայի կիրառում է եղել: Կրակոցները եղել են ինտենսիվ, կրակել են անգամ խոշոր տրամաչափի զենքերով:

Այսպիսով՝ Տեղ համայնքի դպրոցը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ-ի ուղիղ թիրախային նշանառության տակ: Սույն օրը տևական ժամանակ կրակոցներ են եղել, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը: Դպրոցից տեսանելի են նաև ադրբեջանական այդ ուժերի մարտական դիրքերի տեղակայումները: Վերջիններիս գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը իրական անվտանգային խնդիր է առաջացրել երեխաների համար և խոչընդոտել նրանց կրթության իրավունքի ապահովմանը»,- ընդգծում է նա:

Ինչպես շեշտում է ՄԻՊ պաշտոնյան, պետք է նկատի ունենալ՝ երեխայի կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերով, որոնցում նշվում ու կարևորվում է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլև հետևանքների կանխարգելման հրամայականը:

«Սրա հիմնական նպատակն այն է, որ երեխաները ֆիզիկական և հոգևոր առողջության զարգացման համար մշտապես ունենան անվտանգ միջավայր: Սակայն ադրբեջանական զինված ուժերի գործողությունները հակառակ իրավիճակն են ստեղծել մեր սահմանամերձ համայնքներում, որի հետևանքով խախտվում են երեխաների բազմաթիվ իրավունքներ՝ կրթության, առողջության պահպանման, երեխայի` ընտանիքից չառանձնանալու, համայքում ապրելու և այլն:

Տեղ համայնքում ընտանիքներից ոմանք պատմում էին, որ կրակային ինտենսիվությունն այնքան շատ էր, որ երեխաները թաքնվել են նկուղներում, որոշները ստիպված են եղել իրենց երեխաներին գյուղից անմիջապես դուրս բերել և այլն: Սրանք անվտանգային իրական խնիրներ են, որոնք անդրադառնում են երեխաների իրավունքներին»,- նշում է Եղոյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ միջազգային ստանդարտներն ու փաստաթղթերը կարգավորում են երեխաների իրավունքները նաև պատերազմական իրավիճակներում, որոնցում կարևորվում է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլև հետևանքների կանխարգելման այն հրամայականը, որոնք անհրաժեշտ են երեխաներին առօրյա կյանքի, մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար:

«Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների կողմից բազմիցս դատապարտվել են նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վրա հարձակումները, կրակոցներն ու դրանց թիրախավորում: Զինված հակամարտության իրավիճակում ռազմական գործողություններին չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիայով, ինչպես նաև՝ 1977 թվականի հունիսի 8-ի առաջին լրացուցիչ արձանագրությամբ: ՄԻՊ-ն արտահերթ զեկույցը ուղարկել է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կառույցներին»,- ասում է նա:

Մեզ հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն էլ տեղեկացրեց, որ  համայնքի բոլոր սահմանամերձ բնակավայրերի կրթական հաստատություններն աշխատում են բնականոն հունով:

«ԹԵ՛ դպրոցներում, թե՛ մանկապարտեզներում համապատասխան ժամանակային գրաֆիկով անցացվում են ուսումնամեթոդական վարժանքներ, ինչպես Երևանի և հանրապետության մի շարք կրթական հաստատություններում: Կրթօջախները բաց են և իրենց բնականոն գործընթացի մեջ»,- նշում է համայնքապետը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին