Կարևոր իրադարձություններ

Երևանում կգործարկվի երեխայակենտրոն առաջին անվտանգ վայրը. ՅՈՒՆԻՍԵՖ

07 Հունիս, 2023 12:08
Երևանում կգործարկվի երեխայակենտրոն առաջին անվտանգ վայրը. ՅՈՒՆԻՍԵՖ

Գործընկերություն հանուն երեխայակենտրոն արդարադատության իրականացման՝ հօգուտ բռնությունից տուժած և բռնության ականատես երեխաների Երևանի «Ապահով անկյունը» անվտանգ ու ապահով վայր է բռնության ենթարկված երեխաների համար ԵՐԵՎԱՆ - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հայտարարել են Երևանում երեխայակենտրոն առաջին անվտանգ վայրի գործարկման մասին:

Այն բռնության զոհ դարձած երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական և միջգերատեսչական պաշտպանություն կրկնակի զոհայնացումից, ինչպես նաև կնպաստի արդարադատության երեխայակենտրոն ընթացակարգեր:

Այստեղ հնարավոր կլինի անցկացնել երեխաների հարցաքննություն և դատաբժշկական փորձաքննություն, երեխաների վիճակի համակողմանի գնահատվում: Նրանք նաև ճգնաժամային աջակցության ծառայություններ կստանան համապատասխան մասնագետներից: Պարզ ասած՝ այն ստեղծվել է բռնությունից տուժած երեխաների լավագույն շահին ծառայելու և օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար:

Երեխայակենտրոն ապահով այս վայրը մոդելավորվել է երեխայակենտրոն արդարադատության՝ Բարնահուսի միջազգային մոտեցման նմանությամբ, որը մեկ հարկի տակ է միավորում իրավապահներին, քրեական արդարադատության համակարգը, երեխայի պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցներին՝ համագործակցելու և երեխաների վիճակը միասին գնահատելու համար: Բարնահուս մոտեցումով կարելի է խուսափել կրկնակի զոհայնացումից և բարձրացնել արդարադատության գործընթացի արդյունավետությունը՝ ստեղծելով երեխայակենտրոն միջավայր քննչական գործողությունների համար, նվազեցնելով բազմաթիվ մարմինների կողմից տարբեր վայրերում իրականացվող հարցաքննությունները և ընդհանրապես բացառելով տուժողի և հանցագործության մեջ մեղադրվողի հանդիպումը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելով՝ պաշտպանելու գործընթացի գաղտնիությունը, տուժած երեխաների ինքնությունը, պատկերը/անձը՝ միաժամանակ օգնելով նրանց՝ վերականգնվել:

Աշխատանքի այս նոր մոդելը գործարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության հաստատուն հանձնառությամբ և ղեկավարությամբ։ Երևանի «Ապահով անկյունը» սենյակ է, որում առկա է երեխայակենտրոն միջավայր՝ տարիքին համապատասխան խաղալիքներով, գրականությամբ և զբաղմունքի համար նախատեսված այլ պարագաներով: Նպատակն է՝ երեխաների համար հարմարավետ միջավայր ստեղծել հարցաքննությունից առաջ և ընթացքում:

Որպեսզի երեխան ստիպված չլինի իր հետ տեղի ունեցածը մի քանի անգամ և մի քանի անձանց պատմել, քննիչների և հավաստագրված հոգեբանների կողմից անցկացվող դատաբժշկական հարցաքննությունը արդարադատության մասնագետները կարող են դիտել մեկ այլ սենյակից: Հարցաքննությունը կարող է նաև տեսանկարահանվել՝ անհրաժեշտության դեպքում դատարանում օգտագործելու նպատակով: Սենյակում երեխաները շուտով կկարողանան նաև բուժզննում անցնել։ Մասնագետների բազմամասնագիտական թիմը, այդ թվում՝ հոգեբանը, սոցիալական աշխատողը և բժիշկը, ճգնաժամային միջամտություն կտրամադրեն, ինչպես նաև կորոշեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ թերապևտիկ և այլ օժանդակ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը: Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Քրեական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որպեսզի երեխաներին հարցաքննեն միայն որակավորված դատաբժշկական հոգեբան-հարցազրուցավարները. իրականացվել է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Արդարադատության նախարարությանը՝ վերապատրաստման մոդուլների մշակման և 53 հոգեբանների հետագա վերապատրաստման և ատեստավորման հարցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համագործակցությամբ, աշխատանքներ է իրականացնում այս տարվա հունիս ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնի/Ճգնաժամային կենտրոնի տարածքում ևս Բարնահուսի մոդելի նմանությամբ ապահով վայր ստեղծելու համար՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այս մոտեցումը կդառնա արդարադատության և երեխայի պաշտպանության ներպետական համակարգերի անբաժանելի մաս՝ ապահովելով, որ բռնությունից տուժած բոլոր երեխաները, անկախ բռնության ձևից, հավասարապես օգտվեն երեխայակենտրոն արդարադատությունից և ապահովված լինեն բազմակողմանի աջակցությամբ, որը կօգնի նրանց՝ նորովի ապրել իրենց կյանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին