Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. Հակոբ Արշակյան

06 Հունիս, 2023 15:45
Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա և տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարևորությանը, հնարավորություններին և մարտահրավերներին:

«Վերջին քսան տարիների ընթացքում մարդկությունը զգալի մարտահրավերներ է հաղթահարել և նոր տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել ու այսօր ականատեսն ենք համակարգչային տեխնոլոգիաներով ու ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների ու անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության լայն հասանելիության»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս առաջընթացը ստեղծում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

Խոսելով հնարավորությունների մասին՝ նա արձանագրել է, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիության մեծ հնարավորություններ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: ԱԺ նախագահի տեղակալն ինտերնետի և տեխնոլոգիաների զարգացման համատեքստում խոսել է նաև տրանսպորտային ու լոգիստիկ համակարգերի զարգացման կարևորության մասին: «Ունենալով գլոբալ տեղորոշման համակարգեր, ինտերնետ` այժմ կարելի է աշխարհի ցանկացած կետում կողմնորոշվել»,- արձանագրել է նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. դրա մասին են վկայում նաև զբոսաշրջիկների արձագանքները: Նրա խոսքով սա ազդում է թե՛ մեր երկրի վարկանիշի, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ մարդկանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է տեղեկատվական անվտանգության, ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումների վերաբերյալ: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների և որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին