Կարևոր իրադարձություններ

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը բողոքարկելու հնարավորություն կստեղծվի. Գրիգոր Մինասյան

06 Հունիս, 2023 13:38
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը բողոքարկելու հնարավորություն կստեղծվի. Գրիգոր Մինասյան

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման համար իրավական հնարավորություն նախատեսել:

Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 6-ի նիստում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարի խոսքով Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի զեկույցներում ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում բազմիցս կարևորվել է դատավորին պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը:

«Մասնավորապես ԳՐԵԿՈ-ն դեռևս 2019 թվականի զեկույցում նշել է. «Կարևոր է, որ դատավորներն իրավունք ունենան կարգապահական որոշումները բողոքարկել»: Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ դեռևս 2017 թվականի իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Դատական օրենսգրքի նախագիծը չի նախատեսում ԲԴԽ-ի կարգապահական վարույթներով որոշումները բողոքարկելու իրավունք: 2019 թվականի համատեղ կարծիքում Վենետիկի հանձնաժողովը կրկին շեշտադրել է. «կարգապահական գործերով ԲԴԽ-ի որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հարցը մնում է չլուծված»:

Նախարարը հարկ է համարել նկատել, որ սույն օրենքի նախագիծն ի կատարումն ԳՐԵԿՈ-ի հանձնարարականի է մշակվել, դրանում սահմանվել են մի քանի հիմնական կարգավորումներ:

«Ըստ օրենքի նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերի քննությունն իրականացնելու է ԲԴԽ չորս անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացվելու է ԲԴԽ կողմից՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով:

Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի ընթացքում ԲԴԽ-ն կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

Նախարարն արձանագրել է, որ ըստ նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասի՝ օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն նախատեսվող փոփոխությունների կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ԲԴԽ երկու կազմերը ձևավորվելու են վիճակահանությամբ՝ ԲԴԽ սահմանված կարգով: Այս մասով, չնայած օրենքում հատուկ նշում չկա, բայց լինելու է հատուկ համակարգչային ծրագիր, որի գործարկումը պետք է նախանշվի հենց ԲԴԽ որոշման հիման վրա: Հետևաբար առանց այդ կարգի ու համակարգչի ԲԴԽ կազմերը չեն կարող ձևավորվել և օրենքի փոփոխությունները չեն կարող աշխատել: Ուստի Կառավարությունն առաջարկել է նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 4-րդ և 12-րդ հոդվածների հիման վրա վիճակահանության կարգ սահմանող՝ ԲԴԽ ենթաօրենսդրական, նորմատիվ-իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին»:

Գրիգոր Մինասյանը պատգամավորներին խնդրել է նախագիծը քվեարկության դնել՝ Կառավարության բանավոր առաջարկը ներառելով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել է՝ նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը երկա՞ր պետք է նախատեսել, ինչին ի պատասխան Գրիգոր Մինասյանն ասել է, որ ժամկետն այն օրից պետք է սահմանել, երբ ԲԴԽ համապատասխան որոշումը կլինի:

«Վիճակահանությունը թղթային չի լինելու: Նախատեսում ենք, որ ծրագիրը որոշի, թե որ երկու դատավորներն ու երկու գիտնական անդամներն են լինելու ստորին պալատում: Կարևոր է նաև, որ այդ կազմերը չկրկնվեն ու ամեն գործով լինի նոր 4 հոգանոց կազմ: Ծրագրի միջոցով պետք է ընտրվի նաև 4 հոգանոց պալատի նախագահը»,- ասել է Արդարադատության նախարարը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը: Նա փոխանցել է դրա վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի կարծիքը: Վերջինս առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

«Այն մեր միջազգային գործընկերների առաջարկից է բխում: Գործընկերները նույնականացրել են խնդիրը, բայց լուծում չեն տվել, այն տվել ենք մենք»,- նշված է եղել հարակից զեկույցում:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին