Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները. «Փաստ»

06 Հունիս, 2023 09:58
Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխանամերձ շրջանակները տարածում են, ոմանք էլ հավատում են, որ եթե Փաշինյանին հրավիրեցին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի երդմնակալությանը, նա էլ գնաց, ուրեմն Թուրքիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու։ Ինչպիսի պրիմիտիվ քարոզչահնարք: Իրականում այս ամենը որևէ ձևով չի մեղմելու Հայաստանի նկատմամբ Անկարայի կոշտ դիրքորոշումը։ Նույնիսկ արարողակարգային ուղերձներով Էրդողանը ցույց տվեց, որ Անկարան միշտ Բաքվի կողքին է։ Ըստ փորձառու դիվանագետների, հետաքրքիրն այն է, որ Փաշինյանին հատուկ Ալիևի հետևի նստարանին էին նստեցրել, ինչը խորհրդանշականորեն դիտարկվում է, թե իրենք ակնկալում են, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջները։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևն ու իր կինը նստած էին հենց Էրդողանի ու նրա կնոջ կողքին։ Իսկ այս հանգամանքը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների հարաբերությունների ջերմությունը։ Իսկ այն, որ առաջին անգամ ՀՀ ղեկավարը գնաց մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, նաև նշանակում է, որ թուրքական կողմն այդքան մեծ ազդեցություն ունի, որպեսզի հասնի ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի մասնակցության ապահովմանը։ Օրինակ՝ ՌԴ նախագահ Պուտինը ևս հրավիրված էր, սակայն նրա փոխարեն մեկնեց Պետդումայի խոսնակը։

Ընդհանուր առմամբ, Էրդողանի երդմնակալության մասնակիցների ներկայացուցչականությունը բավական մեծ էր, մասնակցում էին ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ արարողության շրջանակներում կարճատև զրույց տեղի ունեցավ Փաշինյանի ու Ալիևի միջև, ինչը համապատասխանում է Թուրքիայի այն ցակություններին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ դառնա և ներկայանա որպես միջնորդող կողմ։ Մյուս կողմից՝ Էրդողանի վերընտրությունը նշանակում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության շարունակություն։ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը շատ է ուժեղացել, և եթե հանկարծ Թուրքիան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» կապվի Ադրբեջանի հետ, ու Հայաստանի հետ սահմանն էլ բացվի, ապա միանշանակ է, որ Հայաստանը ևս շուտով կարող է ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ հայտնվել։

Մեր տարածաշրջանի համար սա նոր իրականություն է, քանի որ Հարավային Կովկասն ավանդաբար եղել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Իսկ ներկա պայմաններում, երբ հայկական կողմը պարտված ու թուլացած վիճակում է, իսկ Ռուսաստանն էլ բավարար ջանքեր չի գործադրում իր դաշնակցին աջակցելու համար, աշխարհաքաղաքական կշեռքի նժարը թեքվում է ոչ հօգուտ Ռուսաստանի։ Այս տեմպերով ընթացքի դեպքում մի օր էլ կարող է ուղղակի դրվել ՀՀ-ից ՌԴ ռազմաբազայի դուրս բերման հարցը, երբ Երևանը նվաստացուցիչ պայմանագրեր ստորագրի Անկարայի և Բաքվի հետ ու դրանով կարգավորի հարաբերությունները։ Տեսնում ենք, թե Թուրքիայի աջակցության արդյունքում Բաքուն ինչպիսի ահռելի պահանջներ է ներկայացնում։

Մի կողմից՝ Բաքվից հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ՝ այն ներկայացնելով Արևմտյան Ադրբեջանի անվան ներքո, մյուս կողմից էլ լուրջ հավակնություններ են ցուցաբերում Իրանի նկատմամբ՝ խաղարկելով իրանական Ադրբեջանի կամ Հարավային Ադրբեջանի թեման։ Եվ որևէ երաշխիք չկա, որ որոշ ժամանակ անց ավելի շատ հզորանալու և առաջխաղացում արձանագրելու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ չեն ներկայացնի հիմա էլ Ռուսաստանի՝ կոնկրետ Հյուսիսային Կովկասի՝ մահմեդականներով բնակեցված շրջանների նկատմամբ։ Նրանք նույն կերպ կարող են «Հյուսիսային Ադրբեջանի համայնք» ձևավորել, հայտարարել, թե դա եղել է իրենց պատմական տարածքը, ինչպես հիմա անում է Թուրքիան Ղրիմի դեպքում՝ բարձրացնելով այնտեղ ապրող թաթարների հարցը, ու Ռուսաստանից պահանջել, այսպես կոչված, «Հյուսիսային Ադրբեջանը»։

Այնպես որ, Ռուսաստանն իսկապես անհանգստանալու առիթ ունի։ Կենտրոնացած լինելով ուկրաինական ուղղությամբ ընթացող զարգացումների վրա՝ Մոսկվան փորձում է նաև Հայաստանի հարցում զիջումներ կատարելու հաշվին Թուրքիային հետ պահել Արևմտյան ուղեգծին միանալուց։ Բայց պետք է հաշվի առնել, որ այդ երկիրը երբեք չի կարող լինել Ռուսաստանի մշտական դաշնակիցը, քանի որ այն ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, ու բազմաթիվ հարցերում ՌԴ-ի ու Թուրքիայի պատկերացումներն ուղղակի չեն համապատասխանում միմյանց։

Որպես օրինակ հիշենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը հեղափոխությունը տարածելու անվան ներքո մեծապես օգտվեց բոլշևիկների օգնությունից ու հարձակումներ ձեռնարկեց հույների ու հայերի դեմ՝ զավթելով նրանց տարածքները, իսկ երբ Ռուսաստանն արդեն իրեն պետք չէր, կտրուկ անցում կատարեց դեպի Արևմուտք։ Այնպես որ, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի նաև անցյալի դասերը և իր դաշնակցին միայնակ չթողնի, մանավանդ որ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք մտադիր չեն հեռանալ տարածաշրջանից։ Իսկ միայն հայտարարությունները բավարար չեն:

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին