Կարևոր իրադարձություններ

«JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի. «Փաստ»

06 Հունիս, 2023 09:21
«JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 10-ին Վանաձորում երեկոն երաժշտական է լինելու: Եվ ոչ միայն: Ինչպես կազմակերպիչներն են ասում, «JINJ մարդիկ» հրավիրում են ներկա գտնվելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի։

«Այդ օրը մեր հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու վանաձորցի տաղանդաշատ նկարիչների՝ Տարոն Մարուքյանի, Լուսինե Գինոսյանի և Վահրադ Մելիքջանյանի աշխատանքներին։ Զուգահեռ ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգից ժամանած Veiila ինքնատիպ խումբը, այնուհետև JINJ խումբը, իսկ երեկոն եզրափակելու են DJ TOX-ն ու DJ Extazy-ն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Stage Arts Production-ի և Beton Art Fabrique-ի հիմնադիր Տիգրան Սուքիասյանը:

Համերգը կազմակերպել է Stage Arts-ը՝ JINJ-ի նախաձեռնությամբ: Այս խումբը միախառնում է հիփ-հոփն ու հայկական ժողովրդական երաժշտությունը: Խմբի անդամներից Գոռը Վանաձորից է, իսկ Սևանան՝ Ֆրանսիայից։ Նրանք իրենց երաժշտությունը ներկայացրել են Կանադայում, Էստոնիայում, Ֆրանսիայում։ Միջոցառումը տեղի է ունենալու Beton Art Fabrique-ում։ Այդ տարածքը նախկինում եղել է երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման գործարան, ինչպես վանաձորցիներն են ասում՝ жбк:

«Մեր նպատակն է այն դարձնել միջոցառումների անցկացման վայր: Այնտեղ մեծ բետոնե անգար է, որին բավականին հետաքրքիր լուծում ենք տվել՝ հինը պահպանելով ստացել ենք յուրօրինակ վայր: Լինելու է լուսային մեծ շոու: Beton Art Fabrique-ում կարող ենք հյուրընկալել 300-ից 500 հոգի: Մեր այս միջոցառումն առաջինն է այս տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Տիգրանն ընդգծում է, որ նախնական պայմանավորվածություններ կան Beton Art Fabrique-ը արվեստի մեծ քաղաք դարձնելու. «Շենքի մի մասում կլինեն նկարիչների արվեստանոցներ, մի մասում՝ յուրօրինակ հյուրանոց զբոսաշրջիկների համար, հնարավոր է նաև գինետուն լինի, իսկ անգարը կլինի բուն երաժշտական սրահը և ցուցասրահը: Ցանկանում ենք, որ Վանաձորում նման մի տեղ լինի, որտեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, արվեստի մարդիկ կհավաքվեն մեկ տեղում»:

Վերջին տարիներին մշակութային կյանքը մարզերում շատ է աշխուժացել նաև տարաբնույթ միջոցառումների անցկացման առումով: Տիգրանն ասում է՝ դրական փոփոխություններն ակնհայտ են. «Սա այն փոքր, բայց տաքուկ կայծն է, որը պետք է պահել, զարգացնել այն ու առաջ գնալ: Վանաձորում գործում է հրաշալի, հին ու լավ ավանդույթներով Հովհ. Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այնտեղ էլ շատ մեծ ակտիվություն ունենք: Մեր կազմակերպած վերջին երկու համերգներին Երևանից մեծ թվով հյուրեր ենք ունեցել, ինչը չի կարող չուրախացնել: Այս անգամ էլ հյուրերի ենք սպասում ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր անկյուններից: Բացի միջոցառումները, Լոռվա բնությունը ևս գրավում է մարդկանց: Նման միջոցառումները Վանաձորում հետաքրքիր հանգստյան օր կազմակերպելու հրաշալի առիթ են. նախ վայելել լոռվա բնությունը, իսկ հետո մասնակցել ցուցահանդես-համերգին»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին