Կարևոր իրադարձություններ

Արցախահայերի լռությունը հնարավորություն կտա Ադրբեջանին իրականացնելու իր ծրագիրը՝ հայաթափել ԼՂ-ն. քաղաքագետ

02 Հունիս, 2023 17:00
Արցախահայերի լռությունը հնարավորություն կտա Ադրբեջանին իրականացնելու իր ծրագիրը՝ հայաթափել ԼՂ-ն. քաղաքագետ

Երեկ Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորության մասին:

Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության` խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորության մասին:

Եվրոպական առաջնորդները նաև ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Ընդգծվել է Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, արցախահայության իրավունքների և արցախահայության խնդրի մասով հանգուցալուծումը որևէ մեկին ձեռնտու չէ, քանի որ այդ պարագայում Հայաստանը և Ադրբեջանը իրենց որոշակի կարմիր գծերից հետ քայլ պետք է կատարեն, ինչն էլ երկու կողմն էլ չի ցանկանում, դե իսկ միջազգային հանրության համար էլ սա դեռևս կառավարելիության մի ձև է:

«Բանն այն է, որ դեռ պարզ չէ, թե ինչ աշխարհակարգ կձևավորվի ռուս-ուկրաինական պատերազմի վերջնարդյունքում: Այս պատճառով էլ գործընթանցերը տեղի են ունենում վերոնշյալ կառավարելիությունը չկորցնելու և իրավիճակը հասկանալի սահմաններից դուրս գալուն խոչընդոտելու համար: Այս տրամաբանության մեջ տեղի են ունենում հանդիպումներ, ընթանում` որոշակի գործընթացներ, որոնք էլ իրենց հերթին հետագայում ևս շարունակություն են ունենալու: Համենյան դեպս, մոտ ժամանակներում գործնական քայլեր չեն կանխատեսվում»,- ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ նման հանդիպումների արդյունքները կախված են նաև այս մասով ունեցած մեր ընկալումներից: Եթե մեզ համար արդյունքը արցախյան հարցի վերջնական կարգավորումն է կամ Արցախի կարգավիճակը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ ԼՂ-ի հայաթափումը կամ նման մի բան, ապա ոչ, հանդիպումները նման արդյունքներ չեն տալու:

«Սակայն, եթե մենք հասկանում ենք, որ արդյունքը հենց այն է, որ սույն գործընթացը կա, դրա արդյունքում սադրանքների թիվը նվազել է, չկա լայնամասշտաբ պատերազմ, և Արևմուտքն ու ՌԴ-ն ստիպված չեն այս տարածաշրջանում ևս ռեսուրսներ ու ժամանակ ծախսել, ինչը հիմա արվում է Ուկրաինայի պարագայում, ապա այս առումով այո, արդյունքն արդեն իսկ կա: Պետք է հասկանալ, որ այս գործընթացի հիմնական արդյունքն այն է, որ դա կա ու տեղի է ունենում»,- ընդգծում է քաղաքագետը:

Ղևոնդյանի խոսքով՝ արցախյան խնդրի մասով միջազգային հանրությունն իրենից հասանելին անում է, ի վերջո, թույլ չի տալիս, որ սույն հարցը մոռացության մատնվի, սակայն այստեղ շատ ավելի մեծ է հենց արցախահայերի և ԼՂ իշխանության անելիքը, քանի որ իրենք պետք է միշտ բարձրաձայնեն խնդրի մասին ու թույլ չտան, որ այն մոռացվի:

 «Արցախահայերի լռությունը հնարավորություն կտա Ադրբեջանին իրականացնելու իր ծրագրերը՝ հայաթափելու ԼՂ-ն, սա նշանակում է, որ այս մասին արցախցիները պետք է միշտ խոսեն, աղմկեն ու պայքարեն իրենց իրավունքների իրացման համար: Սրան զուգահեռ միջազգային հանրությունը ևս շարունակում է խոսել այս մասին, շարունակել գործընթացն ու ասել, որ արցախյան խնդիրը դեռ կարգավորված չէ: Դե իսկ, երեկվա հնգակողմ հանդիպումն էլ հերթականն էր, այնպիսին, ինչպիսին որ նախորդ մի քանիսն էին, ու կլինեն նաև մյուսները: Հաշվի առնենք, որ կայացված որոշումներն էլ վերաբերում են այսօրվա իրողություններին, և դրանք թե՛ կարող են հանգուցալուծում հանդիսանալ ժամանակի ընթացքում, թե՛ փոխվել՝ կախված նրանից` աշխարհը որ ուղղությամբ կզարգանա»,- նկատում է քաղաքագետը։

 

Նատալի Մկրտչյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին