Կարևոր իրադարձություններ

Մեքենան անձնական տարածք է. ինչպես են վարորդները վերաբերվում ապակիների թաղանթների պարտադրված հեռացմանը

01 Հունիս, 2023 19:08
Մեքենան անձնական տարածք է. ինչպես են վարորդները վերաբերվում ապակիների թաղանթների պարտադրված հեռացմանը

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Չնայած խոսակցություններին, որ հնարավոր է օրենքը չգործի և դուրս գա գործածությունից, այնուամենայնիվ այսօրվանից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Օրենքը երեկ ընդունվեց ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում:

Ոստիկանությունն էլ ևս մեկ անգամ կոչ է արել վարորդներին հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։   

Նշենք, որ պարեկային ծառայության մեքենանները ևս պետք է հետևեն օրենքի կատարմանը, իսկ այն վարորդները, որոնք կխախտեն օրենքը, կտուգանվեն:

Նոր օրենքը մեծ դժոգոհություններ է առաջացրել վարորդների շրջանում: Շատերը ոչ միայն բողոքում են, այլև ընդդիմանում՝ ասելով, որ չեն հանելու թաղանթները. ամառ է, ապակիներն իջեցրած կվարեն։

Shabat.am-ի հետ զրույցում վարորդ Սուրենը (խմբ. անունը փոխված է) կարծում է, որ օրենքն այդքան էլ լավ մտածված չէ, քանի որ իրեն՝ որպես վարորդ, հաճելի է չէ, երբ իր մեքենայի ներսում եղածը դրսից տեսանելի է:

«Ճիշտ է, ասում են, որ այն կարող է անվտանգային խնդիր լուծել, իբրև թե ՃՏՊ-ների թիվը նվազեցնել, սակայն ինձ համար դա այդքան էլ իրատեսական չէ, որովհետև վթարների պատճառը հիմնականում անուշադիր վարորդներն են, ոչ թե մուգ կամ բաց ապակիները: Ի վերջո, աչալուրջ վարորդը դրա առկայության դեպքում էլ նորմալ կվարի: Չեմ կարծում, որ տոկոսային մասով այն շատ բան կփոխի վթարների թվային սանդղակում»,- ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ այդքան էլ խելացի քայլ չէ մարդկանց դրդել փոխել մգեցված ապակիները, քանի որ հնարավոր է որոշ ժամանակ անց չեղարկվի, ինչպես առաջ է եղել: Ժամանակին էլ էր այս օրենքը ուժի մեջ, բայց որոշ ժամանակ անց կասեցվեց:

«Ստացվում է, որ եթե այս անգամ էլ օրենքն ինչ-որ պահի ուժից դուրս գա, այն վարորդները, որոնք գումար և ժամանակ են ծախսել ապակիների փոխման համար, անիմաստ է եղել: Սա էլ իրենից ենթադրում է բացասական արձագանք, վերաբերմունք և անվստահություն կառույցների հանդեպ»,- ընդգծում է վարորդը:

Մեզ հետ զրույցում վարորդ Ռ. Սաֆարյանն էլ նկատում է՝ օրենքն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմ, կախված է նրանից, թե որ տեսանկյունից կնայենք այն:

«Դրականն այն է, որ առանց մուգ ապակիների երեկոյան ժամերին կամ գիշերը վարելն ավելի դյուրին է, իսկ բացասական է այն առումով, որ լուսաթափանցելի ապակիների պարագայում տեսանելի է մեքենայի ներսում եղածը, որը շատերին դուր չի գալիս, քանի որ մեքենան էլ ինչ-որ չափով անձնական է, ներսում եղածը ևս: Օրինակ՝ մենք ունենք 2 մեքենա, որոնցից մեկի ապակիներն արդեն իսկ փոխել ենք, իսկ երկրորդինը կփոխենք այն ժամանակ, երբ օրենքն ուժի մեջ մտնի և վստահ լինենք, որ դուրս չի գալու, հակառակ դեպքում դուրս կգա, որ անիմաստ արեցինք: Համենայն դեպս, ցանկալի է, որ օրենքն ուժի մեջ չմտնի»,- նշում է վարորդը:

Սաֆարյանի խոսքով՝ այն եզրույթն էլ, թե որոշ վարորդներ մեքենայի ապակիները իջեցրած կվարեն և ոչինչ էլ չի լինի, այսպես ասած, միֆ է: Ի վերջո, դա նրանց ոչինչ չի տալու, քանի որ պարեկային ծառայության աշխատակիցները կարող են մեքենան կանգնեցնել, ստուգել լուսաթափանցելիությունն ու օրենքի խախտման պարագայում տուգանել: Կարճ ասած, դա լուծում չէ:

«Իրականում այնպիսի անհավանական օրենքներ ունենք, որ հնարավոր է սա ևս գործածությունից դուրս չգա: Համենայն դեպս, ըստ իս, սա այդքան էլ առաջնային հարց չէր այս պահի դրությամբ: Բացի դա, այս ամենն այնքան սուղ ժամկետներում արվեց, չէ՞ որ կարելի էր սրա համար ավելի շատ ժամանակ հատկացնել, երկարաձգել ժամկետները: Գուցե սա որոշ չափով քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար էր արվում, չգիտեմ, դժվար է ասել: Որպես վարորդ, կնախընտրեի, որ օրենքն ուժի մեջ չմտներ, չնայած նրան, որ արդեն իսկ պահանջվածն արել եմ: Ի վերջո, պարզ է՝ ոչ բոլոր վարորդները կհետևեն սույն օրենքի կատարմանը: Այնումանայնիվ, պետք է ասեմ՝ մուգ ապակիներով մեքենա վարելն ավելի հարմար է»,- կարծում է նա:

Մեզ հետ զրույցում Միքայելն էլ (անունը փոխված է) կարծում է, որ մեքենաների առջևի կողային ապակիների մգեցումը ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Ասում է՝ լավ կողմերից մեկն այն է, որ մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից, օգնում են նվազեցնել արևի շողերը՝ մեքենա վարելը դարձնելով ավելի անվտանգ և հարմարավետ, հատկապես լուսավոր և արևոտ պայմաններում: Շոգ եղանակին օգնում է մեքենայի ներսում ավելի հով միջավայր ապահովել, քան ոչ մգեցված ապակիների դեպքում է։

«Այնուամենայնիվ, կան նաև թերություններ, որոնք պետք է հաշվի առնել: Մգեցվածությունը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը, հատկապես գիշերային ժամերին կամ եղանակային վատ պայմաններում: Նվազեցված տեսանելիությունը կարող է վտանգել և՛ վարորդի, և՛ հետիոտների անվտանգությունը, քանի որ այն խանգարում է պատուհանների միջով հստակ տեսնելու և ճանապարհի վրա հնարավոր վտանգներին արձագանքելու ունակությանը: Իմ կարծիքով ինչքան էլ օգտակար լինի ապակիների մգեցում, այնուամենայնիվ, անվտանգությունն առաջին տեղում պետք է լինի։ Իմ մեքենայի առջևի կողային ապակիները մգեցված չեն, հետևաբար ոչինչ չունեի ձեռնարկելու»,- նշում է վարորդը։

Վարորդ Աշոտի համար էլ սույն որոշումն այնքանով է ճիշտ, որ այն կարող է նվազեցնել ՃՏՊ-ների թիվը, որոնք, մասնավորապես, վերջին շրջանում զգալի աճել  են: 

«Ճիշտ է, բաց ապակիներն ավելի անվտանգ են, սակայն ամռան տապին՝ մգեցված ապակիներով վարելն ավելի հարմարավետ է: Չնայած սրան` ինձ համար առավել կարևոր է մարդկային կյանքը, և ցանկալի կլիներ, որ նույն կերպ մյուսներն էլ մտածեին ու անվտագության համար փոխեին ապակիները, ոչ թե այն անեին միայն չտուգանվելու համար»:

Հակոբն էլ արդեն տևական ժամանակ է, ինչ իր մեքենայի ապակիները փոխել է: Ասում է, որ կողմ է օրենքի ընդունմանը, քանի որ լուսաթափանցելի ապակիներով վարելն ավելի հեշտ ու ապահով է:

«Սա լավ որոշում է հատկապես այն վարորդների համար, որոնք տեսողական խնդիրներ ունեն: Ի վերջո, փաստ է, որ մուգ ապակիներով վարելն ավելի դժվար է, դե իսկ ոչ այնքան լավ տեսողություն ունեցող վարորդների համար այն մի շարք խնդիրներ ևս կարող է առաջացնել, հատկապես երեկոյան ժամերին»,- կարծում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին