Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ ՓԾ-ն կարզմակերպել էր տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ (լուսանկարներ)

01 Հունիս, 2023 18:21
 ՆԳՆ ՓԾ-ն կարզմակերպել էր տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ (լուսանկարներ)

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունը կարզմակերպել էր տոնական միջոցառում Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների երեխաների համար։

Տոնական բարձր տրամադրություն էր տիրում ամենուր։ Միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարեց փողային նվագախումբը։

Փրկարար ծառայության շարահրապարակը վերածվել էր իրական հեքիաթի․ ամենուր բազմաթիվ գունագեղ փուչիկներ էին, ուրախ երգ ու պար, զվարճալի խաղավարներ և մուլտհերոսներ։

Երեխաներին տոնի առթիվ շնորհավորեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ով հետևեց միջոցառմանը, զրուցեց և նկարվեց երեխաների հետ։

Կազմակերպվել էին ժամանցային հետաքրքիր խաղեր և ծրագրեր, կավճանկարչություն։ Մշակույթի կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին իրենց աշխատանքների ցուցահանդեսը։

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը երեխաների համար անցկացրեց զարգացնող հոգեբանական ծրագիր, որի միջոցով երեխաները ծանոթացան և կատարեցին դիդակտիկ խաղեր՝ փորձեցին խաղ-գլուխկոտրուկի միջոցով (փազլ) ստանալ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մեքենան։ Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների տրամաբանական մտածողության և երևակայության զարգացմանը։ Փոքրիկները ծրագրի շրջանակներում նկարեցին գեղեցիկ նկարներ, զբաղվեցին ավազաթերապիայով, ազատ խաղերով և գեղեցկացրեցին տոնն իրենց աշխատանքներով։

Գունեղ փուչիկներով զարդարված հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կվադրոցիկլը և ուրախ ավտոբուսը լիարժեք դարձրեցին երեխաների օրը։

Միջոցառման ավարտին անակնկալ էր սպասում փոքրիկներին․ տեղի ունեցավ օճառե պղպջակներով հետաքրքիր շոու, երեխաները վայելեցին համեղ պաղպաղակներ և քաղցր բամբակներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին